
Տեխասի իշխանությունները կրկնապատկել են Մեքսիկայի հետ սահմանն ամրացնելու ջանքերը

ԱՄՆ Տեխաս նահանգը կրկնապատկում է ջանքերը՝ Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով ավելի շատ ցանկապատեր և մետաղալարեր տեղադրելու համար՝ անօրինական ներգաղթի դեմ պայքարելու նպատակով։ Այս մասին հայտնել է Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը:
«Ավելի մեծ թվով Ազգային գվարդիայի անդամներ և մետաղալարերի ավելի շատ պատնեշներ են մոտենում Տեխասի սահմանին: Մենք նորից կրկնապատկում ենք մեր ջանքերն՝ ընդլայնելու այն սահմանամերձ տարածքները, որտեղից մերժում ենք անօրինական մուտքը Տեխաս», – գրել է Էբոթը X միկրոբլոգի իր էջում:
Նա հավելել է, որ Տեխասում անօրինական ներգաղթի մակարդակն այժմ նվազում է, մինչդեռ աճում է Կալիֆոռնիայում և Արիզոնայում:
Ավելի վաղ ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել էր հեռացնել մոտ 50 կմ-անոց մետաղյա լարային ցանցը Տեխասում ԱՄՆ-Մեքսիկա սահմանից, որը տեղադրել էր նահանգապետարանը՝ միգրանտների հոսքի դեմ պայքարելու նպատակով։
Նահանգի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ԱՄՆ վարչակազմը պատշաճ կերպով չի պահպանում սահմանը, ինչը հանգեցրել է անօրինական միգրանտների աճին։