Նիդեռլանդների դատարանն արգելել է կառավարությանը F-35-ի պահեստամասեր ուղարկել Իսրայել
Հաագայում Նիդեռլանդների վերաքննիչ դատարանը փետրվարի 12-ին արգելել է կառավարությանը F-35 կործանիչների մասեր ուղարկել Իսրայելին` Գազայի հատվածում շարունակվող իսրայելական ռազմական գործողության պատճառով: Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Դատարանի որոշմամբ՝ երկրի իշխանությունները պարտավոր են յոթ օրվա ընթացքում դադարեցնել F-35-ի համար պահեստամասերի արտահանումն Իսրայել։
«Չի կարելի հերքել այն ակնհայտ ռիսկը, որ F-35-ի արտահանվող մասերը կարող են օգտագործվել մարդու իրավունքների լուրջ խախտումների ժամանակ», – ասվում է դատարանի որոշման մեջ:
Պաշտպանական կողմի իրավաբաններն իրենց հերթին նշել են, որ այդ արգելքը գործնական նշանակություն չունի, քանի որ ԱՄՆ-ն կկարողանա ինքնուրույն, առանց Նիդեռլանդների ծառայություններին դիմելու, F-35-ի համար պահեստամասեր ուղարկել Իսրայել։
Նիդեռլանդների Վոյենսդրեխտ քաղաքում գտնվում է պահեստ, որը պատկանում է ԱՄՆ-ին։ Այնտեղ պահվում են F-35-ի պահեստամասեր, որոնք Վաշինգտոնն այնուհետև բաժանում է այն երկրներին, որոնք խնդրում են դրանք, պարզաբանում է Associated Press-ը:
2023 թվականի դեկտեմբերին հոլանդական երեք իրավապաշտպան կազմակերպություններ քաղաքացիական հայց էին ներկայացրել դատարան, որում ասվում էր, թե երկրի կառավարությունը պետք է վերանայի արտահանման լիցենզիան՝ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով: Հայցում նշվում էր, որ, Իսրայելին F-35 կործանիչների պահեստամասեր մատակարարելու պատճառով Նիդեռլանդները կարող է մեղսակից դառնալ ռազմական հանցագործությունների և միջազգային իրավունքի խախտումների։
Հունվարին ավելի ստորին ատյանի դատարանն այս վեճում սատարել էր Նիդեռլանդների կառավարությանը: