
Վահագն Խաչատուրյանն ու ԵՏՀ կոլեգիայի նախագահը քննարկել են ԵԱՏՄ տնտեսական ներուժի իրացման հետ կապված հարցեր

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևին:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։
Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել նոր պաշտոնում:
Բակիտժան Սագինտաևը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորական խոսքերի համար, նշել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում իր ջանքերը կներդնի համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ տնտեսական ներուժի իրացման և ընդլայնման վերաբերյալ հարցեր: Մտքեր են փոխանակվել Միության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների և համաձայնագրերի լիարժեք կյանքի կոչման հնարավորությունների մասին:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են էներգետիկ անվտանգության, բարձր տեխնոլոգիաների, Միության անդամ երկրների միջև առևտրաշրջանառության, հաղորդակցության ուղիների անխոչընդոտ գործունեության և այլ ոլորտներում համագործակցության խթանման կարևորությանը:
Երկուստեք շեշտվել է Միության անդամ երկրների միջև տնտեսական կապերի համաչափ զարգացման, ինչպես նաև գործարար շրջանակների միջև առկա շփումների խորացման ու նոր կապերի հաստատման ուղղությամբ քայլերի ակտիվացման անհրաժեշտությունը: