Բաժիններ՝

Թրամփի մեկնաբանությունները լուրջ քննադատության են արժանացել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հարձակման դեպքումչէր պաշտպանի ՆԱՏՕ-ի այն անդամ երկրներին, որոնք չեն կատարում համապատասխան վճարումները։ Թրամփի այս հայտարարությունը լուրջ քննադատության է արժանացել։

Հարավային Կարոլինայի նահանգում փետրվարի 10-ին տեղի ունեցած քաղաքական հանրահավաքի ժամանակ Թրամփը բողոքել է այն բանից, որ ՆԱՏՕ-ի որոշ անդամ երկրներ չեն վճարում, և հիշել է, որ ժամանակին «մեծ երկրներից» մեկի ղեկավարի հետ խոսել է չվճարող երկրների վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման մասին։

«Ոչ, ես ձեզ չէի պաշտպանի։ Ըստ էության, ես կխրախուսեի, որ նրանք (Ռուսաստանը) անեին, ինչ ուզում են։ Դուք պետք է վճարեք», – ասել է Թրամփը տվյալ ղեկավարին, որի անունը չի հայտնել։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը փետրվարի 11-ին ասել է, որ Դոնալդ Թրամփն իր հայտարարություններով վտանգի տակ է դնում ԱՄՆ զինվորականների և նրանց դաշնակիցների անվտանգությունը։

«Ցանկացած ակնարկ, որ դաշնակիցները չեն պաշտպանի միմյանց, խարխլում է մեր բոլորի անվտանգությունը, այդ թվում՝ ԱՄՆ-ի, և ամերիկացի ու եվրոպացի զինվորներին մեծ վտանգի տակ է դնում», – ասել է Ստոլտենբերգը հայտարարության մեջ։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը նույնպես քննադատել է Թրամփի հայտարարությունը՝ հիշեցնելով, որ իրենց երկրի սահմանի մոտ պատերազմ է ընթանում։

Թրամփի կուսակից հանրապետականներիցՔրիս Քրիստին NBC-ի եթերում հայտարարել է, որ, ինչպես ինքը միշտ պնդում էր, Թրամփը ԱՄՆ նախագահի հարմար թեկնածու չէ։

Իսկ Սպիտակ տունը Թրամփի խոսքերն անվանել է «զարհուրելի և խելագար»։

2014 թվականին ՆԱՏՕ-ի երկրները հանձն են առել մինչև 2024 թվականն իրենց ՀՆԱ-ի 2 %-ն ուղղել պաշտպանական ծախսերին։ Ըստ ՆԱՏՕ-ի գնահատումների՝ 2023 թվականի սկզբին այս նշաձողին հասել են կամ այն գերազանցել են դաշինքի 30 անդամ երկրներից միայն տասը, իսկ 13 անդամ երկրներ պաշտպանական ծախսերին են ուղղել ՀՆԱ-ի 1,5 %-ից պակաս գումար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս