«Խաղաղության բանակցությունների ավարտի համար երկու կողմի ցանկությունն է հարկավոր». Ադրբեջանում ՌԴ դեսպան
Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հարցազրույց է տվել ռուսական «Իզվեստիա» պարբերականին՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին, պաշտոնական Մոսկվայի դիրքորոշմանն ու Հայաստանի դիրքավորմանը, ապաշրջափակման հարցերին։
Եվդոկիմովը, մասնավորապես, հայտարարել է. «Այժմ Հայաստանն ու Ադրբեջանն ուղղակիորեն փոխանակում են խաղաղության պայմանագրի նախագծերը։ Այն, ինչ առաջարկում է ադրբեջանական կողմը, իմ կարծիքով, միանգամայն արդարացված, ստանդարտ ձևակերպումներ և հոդվածներ են, որոնք, որպես կանոն, գոյություն ունեն կողմերի միջև խաղաղության պայմանագրերում: Եվ, սկզբունքորեն, այն առաջարկների հիման վրա, որոնք անում է Բաքուն, ինձ թվում է, կարելի է արագ ավարտել այդ բանակցությունները։ Մենք պատրաստ ենք տրամադրել մոսկովյան հարթակը, պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում տրամադրել մեր փորձաքննությունը, տեքստի վերաբերյալ մեր խորհուրդները։ Այստեղ մենք ադրբեջանցի գործընկերների հետ շատ լավ փոխգործակցություն ունենք։ Ես տեսնում եմ, որ Ադրբեջանը տրամադրված է շատ արագ ավարտին հասցնել խաղաղ պայմանագրի ստորագրման բանակցությունները։ Սակայն, ինչպես հայտնի է, բանակցություններն ավարտելու համար նման ցանկություն պետք է ունենա երկու կողմը»։