
Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Այս մասին հայտնեցին ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Փետրվարի 10-ին, ժամը 09:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից տասներկու մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության մեքենան։
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել 25000 քմ մակերեսով պահեստի 6000 քմ հատվածում։ Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ: