Բացահայտվել է Մալաթիա-Սեբաստիայում կատարված ավազակային հարձակման դեպքը. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Երևանում պարզվել է ամիսներ առաջ մի խումբ անձանց կողմից կատարված ավազակության դեպքի էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի չափը, ինչպես նաև՝ քննության համար էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Ինչպես տեղեկացրին Քննչական կոմիտեից՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 53 և 37 տարեկան անձինք, ավազակությամբ հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով, 2023թ. Հուլիսի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, խմբի կազմում, օգտվելով մուտքի դռան բաց լինելու հանգամանքից, ապօրինի մուտք են գործել Երևանի բնակչին պատկանող առանձնատուն։ Ապօրինի կերպով ձեռք բերված, իրենց հետ նախապես վերցրած և ապօրինի պահվող հրազեն հանդիսացող, չպարզված տեսակի կարճափող հրացանի և ատրճանակի գործադրման սպառնալիքներով կոտրելով տանտերերի կողմից դիմադրություն ցույց տալու հնարավորությունը՝ վերջիններիս պառկեցրել են հատակին և կպչուն ժապավեններով կապել նրանց ձեռքերը:

Այնուհետև, փոխլրացնելով միմյանց գործողությունները, տանտերերի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանցից պահանջել են ներկայացնել տանն առկա գումարն ու թանկարժեք զարդերը։ Ապա առանձնատան առկա չհրկիզվող պահարանից և տարբեր հատվածներից հափշտակել են ընդհանուրն առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 20 միլիոն ՀՀ դրամին համարժեք տարբեր արտարժույթի և անվանական արժեքների թղթադրամներ, ոսկյա զարդեր, ոսկյա «Ռոլեքս» տեսակի ժամացույց, դյուրակիր համակարգիչ և ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաև՝ տանտիրոջ անվամբ հաշվառված ողորկափող որսորդական հրազենը և գազային ատրճանակը:

Տուժողների կողմից իրավապահ մարմիններին կատարվածի մասին հայտնելու հնարավորությունից զրկելու, իրենց կողմից կատարված հանցանքը թաքցնելու և հափշտակված գույքն անխոչընդոտ տնօրինելու նպատակով վերջիններիս տեղափոխել են առանձնատան լոգասենյակ, կապել աթոռներին, ապա հափշտակված իրերը բեռնել են առանձնատան բակում կայանված, տանտիրոջը պատկանող, առանձնապես խոշոր չափերով՝ 15.480.000 ՀՀ դրամ արժողության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, որով և դիմել են փախուստի՝ տանտերերին պատճառելով, նախնական տվյալներով, առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 35.480.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Նախաքննության ընթացքում, Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում գողոնի մի մասը՝ ավտոմեքենան և հափշտակված զենքերից մեկը, հայտնաբերվել է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարույթն իրականացնող քննիչը միջնորդություն է ներկայացրել հսկողություն իրականացնող դատախազին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 335-րդ հոդվածի 2-րդ մասով և 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար հանրային քրեական հետապնդում հարուցել վերոհիշյալ անձանց նկատմամբ, որոնք բավարարվել են: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է և հայտարարվել հետախուզում:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նշված անձանց, ինչպես նաև գողոնն ամբողջությամբ հայտնաբերելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց կողմից կիրառված հրազենների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս