Նոր չափորոշիչներ՝ կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների համար
Կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների համար կգործեն նոր չափորոշիչներ. փոփոխություններ են կատարվել քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերում:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից՝ այսուհետ Երևանում արտաքին ինժեներական ենթակառուցվածքների՝ ջրամատակարարման, ջրահեռացման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, կապի ուղիների անցկացման և վերակառուցման համար կառուցապատողը պարտավոր է իրականացնել մի շարք միջոցառումներ:
Ըստ նոր չափորոշիչների՝ մատակարար կազմակերպությունները, ֆիզիկական և իրավաբանական անձինք վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ պարտավոր են տարածքները կահավորել անհրաժեշտ նշաններով, գիշերային ժամերին լուսավորել, ինչպես նաև հատուկ ցուցատախտակի վրա նշել, թե որ ընկերությունն է իրականացնում աշխատանքները։
«Քաղաքային իշխանությունները հաշվի են առել տարիներ շարունակ կառուցապատողի կողմից իրականացվող անբարեխիղճ աշխատանքը: Նստվածքներ, ճանապարհածածկի և մայթերի վատթարացում, որն էլ իր հերթին առաջացնում է երթևեկության և հետիոտնի համար դժվարություններ ու անհարմարություններ:
Դրանով պայմանավորված՝ այսուհետ խրամուղիների և նոր միացումների ստեղծման շինթույլտվություններին կից կտրվի լրացուցիչ պայմանների վերաբերյալ փաստաթուղթ»,-նշել են քաղաքապետարանից:
Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական կարգին չհետևելու դեպքում տվյալ կառուցապատողը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի կամ հարյուրապատիկի չափով: