
Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում հրդեհի տարածումը կանխվել է. ՆԳՆ մամուլի քարտուղար

Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը մանրամասներ ներկայացրեց Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում բռնկված հրդեհի դեպքից։ Լրագրողների հետ զրույցում Սարգսյանը նշեց, որ փետրվարի 10-ին ժամը 9։40-ի սահմաններում Ճգնաժամային ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղու պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել։
«Անմիջապես դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները, նաև ոստիկանության ծառայողներ։
Կարճ ժամանակում կանխվել է հրդեհի տարածումը և այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Մեկ հրշեջ և մեկ քաղաքացի ծխահարվել են, որոնց ցուցաբերվել է առաջին բուժօգնություն»,- ասաց Նարեկ Սարգսյանը։
Նա նշեց, որ քննությունը կպարզի հրդեհի բռնկման պատճառը։
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել 25000 քմ մակերեսով պահեստի 6000 քմ հատվածում։