Բաժիններ՝

Բայդենն արձագանքել է հատուկ դատախազի զեկույցին՝ ասելով, որ իր «հիշողությունը լավ է»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդեպ մեղադրանք չի առաջադրվի 2017 թվականին փոխնախագահի պաշտոնը լքելու ժամանակ գիտակցաբար գաղտնի փաստաթղթեր վերցնելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դատախազին։

Հատուկ դատախազ Ռոբերտ Հուրը զեկույցում ասել է, որ 15 ամիս տևած հետաքննությունից հետո հրաժարվել է քրեական մեղադրանք ներկայացնելուց, քանի որ Բայդենը համագործակցել է, և նրան դժվար կլինի մեղադրանք առաջադրել։ Հատուկ դատախազը Բայդենին բնութագրել է որպես «լավ մտադրություններ ունեցող տարեց մարդ՝ վատ հիշողությամբ»։

Այս զեկույցի հրապարակումից հետո Ջո Բայդենը Սպիտակ տանը հանդիպել է լրագրողների հետ՝ նշելով, որ իր «հիշողությունը լավ է»։ Բայդենը նաև անդրադարձել է զեկույցում նշված այն պնդմանը, թե ինքը չի հիշել իր որդու մահվան օրը։

«Այնտեղ նշվում է, որ ես չեմ հիշում, թե երբ է մահացել իմ որդին։ Ինչպե՞ս է նա համարձակվել այդ հարցը բարձրացնել», – ասել է ԱՄՆ նախագահը։

Ջո Բայդենը նաև հիշատակել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, որը նույնպես մեղադրվում է գաղտնի փաստաթղթերի հետ սխալ վարվելու համար։ Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ ի տարբերություն իրեն, Թրամփը չի վերադարձրել գաղտնի փաստաթղթերը։

2022 թ․ նոյեմբերին Բայդենի հետ կապված վերլուծական կենտրոնում գտել էին Բայդենի փոխնախագահության տարիներին (2009-2017 թթ․)առնչվող գաղտնի փաստաթղթեր։ Ըստ օրենքի՝ նա պետք է դրանք հանձներ պաշտոնից հեռանալու ժամանակ։

Բայդենը նաև պատասխանել է լրագրողի հարցին՝ արդյոք չէր կարող իր փոխարեն Դեմոկրատական կուսակցությունից այլ թեկնածու առաջադրվել նախագահական ընտրություններին` հաշվի առնելով նրա տարիքի հետ կապված մտահոգությունները։

«Ես ամենաորակավորված մարդն եմ այս երկրում՝ լինել Միացյալ Նահանգների նախագահը», – ասել է Բայդենը՝ հավելելով, որ պետք է ավարտի այն գործը, որը սկսել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս