Կարմիր ծովում հութիների հարձակումները սպառնում են էներգակիրների մատակարարումներին դեպի ԵՄ
Կարմիր ծովում հութիների կողմից իրականացվող հրթիռային հարձակումներն իրենց բացասական ազդեցությունն են ունենում Եվրոպայի համար առանցքային նշանակություն ունեցող էներգետիկ ուղիների վրա: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
«Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատերազմի պատճառով Եմենի հութի ապստամբների հարձակումները էներգակիրների ապագա մատակարարումների առումով նոր վտանգ են առաջացնում 27 անդամ երկրներից բաղկացած ԵՄ-ի համար, որն ապավինում է ներկրվող բնական գազին՝ գործարաններ գործարկելու, էլեկտրաէներգիա արտադրելու և տները տաքացնելու համար», – հաղորդում է գործակալությունը:
Հութիների հարձակումներից խույս տալու նպատակով բազմաթիվ էներգետիկ կազմակերպություններ իրենց նավերը դեպի Եվրոպա են ուղարկում Աֆրիկայի հարավով, այլ ոչ թե Սուեզի ջրանցքով, ինչը, սակայն, ինչպես մեծացնում է ֆինանսական ծախսերն, այնպես էլ՝ երկարացնում նավարկության ժամանակը:
2023 թ․ հոկտեմբերից ի վեր՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ռազմական գործողությունների ընթացքում, հութիները թիրախավորում են Կարմիր ծովով անցնող նավերը՝ ի աջակցություն Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիների։
Այդուհանդերձ, գործակալությունը նաև նշում է, որ հութիների հարձակումներն առայժմ չեն ազդել բնական գազի գների վրա, քանի որ տնտեսական վատ վիճակի պատճառով Եվրոպայում պահանջարկը շատ մեծ չէ, իսկ ԱՄՆ-ից մատակարարումները չեն անցնում Կարմիր ծովով։ Բացի այդ, խողովակաշարերով գազը դեռ մատակարարվում է Նորվեգիայից և Ադրբեջանից, որոշ քանակությամբ գազ էլ Եվրոպա է ներկրվում Ռուսաստանից՝ չնայած պատժամիջոցներին։