«Ֆուկուսիմա-1» ատոմակայանում ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել
Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանի աշխատակիցները ռադիոակտիվ ջրի արտահոսք են արձանագրել ատոմային էլեկտրակայանի տարածքում։ Այս մասին հաղորդել է ատոմակայանը գործարկող Tokyo Electric Power (TEPCO) ընկերությունը։
«Աշխատակիցները խողովակից ջրի արտահոսք են հայտնաբերել։ Արձանագրվել է ռադիոակտիվ տարրերի առկայություն», – նշված է հաղորդագրությունում։
Ըստ տեղի լրատվամիջոցների՝ ջրի մեջ ռադիոակտիվ նյութերի պարունակությունը կազմում է 22 միլիարդ բեկերել այն դեպքում, երբ առավելագույն թույլատրելի քանակը կազմում է 1500 բեկերել։ Հաղորդվում է նաև, որ արտահոսքի ծավալը կազմում է 5,5 տոննա։ Ջուրն արտահոսել է ցեզիումից և ստրոնցիումից հեղուկի մաքրման կայանքից, ինչից հետո ներծծվել է հողի մեջ: Մինչ այս պահը չի հաստատվել ջրի՝ օվկիանոս լցվելու փաստը: