
Դիտահորի կափարիչների գողություն՝ Առինջ գյուղում

Հունվարի 25-ին ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնեց, որ Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան 7-րդ փողոցի բոլոր դիտահորերի կափարիչները գողացել են։ Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ դեպքի վայր մեկնեց օպերատիվ խումբ:
Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Կոտայքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նշված հանցանքը կատարել է նույն գյուղի բնակիչ 44-ամյա մի տղամարդ, որն իր մեքենայով էլ գողոնը տեղափոխել էր:
Փետրվարի 5-ի կեսօրին, նշված հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, նա ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ էլ խոստովանեց արարքը:
Տղամարդը ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին: Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Քրեական վարույթը շարունակվում է։