
Կրեմլը հաստատել է, որ Կառլսոնը հարցազրույց է վերցրել Պուտինից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնի հետ և հարցազրույց տվել նրան։ Դա հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո՛, ես դա հաստատում եմ», – Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ տեղյակ չէ, թե երբ է հարցազրույցը հրապարակվելու։ Պեսկովը նաև անդրադարձել է համացանցում տարածված որոշ հրապարակումների, որոնք, իբրև թե, հարցազրույցից հատվածներ են։ Նա նշել է, որ դրանք «բացարձակ կեղծիք են»։
Թաքեր Կառլսոնը X սոցիալական հարթակում տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով, որ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցի պայմանավորվածություն ունի։ Կառլսոնը հայտնել էր, որ հարցազրույցը կցուցադրվի իր Tucker Carlson կայքում, ինչպես նաև X սոցիալական հարթակում, որի սեփականատեր Իլոն Մասկը «խոստացել է չարգելափակել» տեսանյութը։