Արդարադատության միջազգային դատարանը նոր նախագահ ունի

Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 6-ին նոր նախագահ է ընտրել դատավոր Նավաֆ Սալամին։ Այս մասին նշվում է դատարանի տարածած մամուլի հաղորդագրությունում։

Լիբանանցի դատավոր Նավաֆ Սալամն ընտրվել է 3 տարի ժամկետով։ Նա Արդարադատության միջազգային դատարանի անդամ է եղել 2018 թ․ փետրվարի 6-ից։ Մինչ այդ նա 10 տարի եղել է ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցիչը։

Արդարադատության միջազգային դատարանը ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինն է, որը ստեղծվել է 1945 թվականի հունիսին և սկսել է իր գործունեությունը 1946 թվականի ապրիլին։ Դատարանը կազմված է 15 դատավորից, որոնք ընտրվում են ինը տարի ժամկետով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։ Դատարանի նստավայրը Հաագայի Խաղաղության պալատն է։ Դատարանը միջազգային իրավունքին համապատասխան կարգավորում է պետությունների կողմից իրեն ներկայացված իրավական վեճերը, ինչպես նաև խորհրդատվական կարծիքներ է տրամադրում իրավական հարցերի շուրջ, որոնք փոխանցվում են ՄԱԿ-ի համապատասխան լիազորված մարմինների և գործակալությունների կողմից:

Տեսանյութեր

Լրահոս