
Կիևում գտնվող Ժոզեպ Բորելն առավոտը դիմավորել է ապաստարանում

Կիևում այցով գտնվող Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը գիշերն անցկացրել է ապաստարանում, քանի որ Ուկրաինայի մայրաքաղաքը ենթարկվել է հրթիռային հարձակման։
Բորելն այս մասին հայտնել է X սոցիալական հարթակի իր էջում՝ գրառմանը կցելով լուսանկար։
«Իմ առավոտը սկսում եմ ապաստարանում, քանի որ Կիևում հնչում են օդային տագնապի ազդանշաններ», – գրել է Բորելը՝ նշելով, որ Ռուսաստանի հարձակումից ի վեր «այսպիսին է ուկրաինացի խիզախ ժողովրդի ամենօրյա իրականությունը»։
Սա 2022 թ․ փետրվարի 24-ից՝ Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Բորելի չորրորդ այցն է Կիև։
Անցյալ շաբաթ Եվրամիության առաջնորդները, ի վերջո համաձայնություն ստանալով նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանից, հաստատեցին առաջիկա 4 տարիների ընթացքում ԵՄ բյուջեից Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի չափով տնտեսական և ֆինանսական օգնության հատկացումների ծրագիրը։
Սպասվում է, որ օգնության առաջին մասը Կիևը կստանա առաջիկա շաբաթներին։