
Հայաստանն ու Շվեյցարիան քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը, շվեյցարական պատվիրակությունը՝ արտաքին գերատեսչության Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Մուրիել Պենըվերը:
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, քննարկել երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք ընդգծվել է առկա համագործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում:
Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցությանը և դրանց շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորություններին:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ:պ