Բաժիններ՝

Հութիները 6 հրթիռ են արձակել առևտրային նավերի ուղղությամբ Կարմիր ծովում և Ադենի ծոցում

Եմենում գործող հութիական ուժերը փետրվարի 6-ին վեց հրթիռ են արձակել Կարմիր ծովի հարավում և Ադենի ծոցում նավարկող առևտրային նավերի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը:

«Փետրվարի 6-ին՝ (արաբական ստանդարտ ժամանակով) մոտավորապես 1:45-ից 16:30-ն ընկած հատվածում, Իրանի աջակցությունը վայելող հութի զինյալները Եմենի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից 6 հականավային բալիստիկ հրթիռ են արձակել դեպի Կարմիր ծովի հարավ և Ադենի ծոց», – նշվում է հրամանատարության՝ X հարթակում տարածած հայտարարության մեջ:

Հրամանատարությունը հավելում է, որ հրթիռներն արձակվել են Հունաստանին և Մեծ Բրիտանիային պատկանող Star Nasia և Morning Tide նավերի ուղղությամբ: Հաղորդվում է, որ նավերը, կրելով ոչ էական վնաս, կարողացել են շարունակել նավարկությունը և բարեհաջող հասնել իրենց նախանշված վայրը:

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ռազմական գործողությունների ընթացքում հութիները թիրախավորում են Կարմիր ծովով անցնող նավերը՝ ի աջակցություն Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիների։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ուժերը վերջին շաբաթներին բազմիցս հարվածել են Եմենում հութիների տարբեր օբյեկտների, սակայն այս հարձակումները չեն կարողացել վերջ դնել Կարմիր ծովում խմբավորման հարձակումներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս