Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են երկուստեք հարվածների մասին․ կա 2 զոհ և վիրավորներ
Ուկրաինայի իշխանությունները և զինվորականները հայտնել են, որ գիշերը և առավոտյան Ռուսաստանը կոմբինացված հարվածներ է հասցրել երկրի տարածքին, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Կիևի շրջանային զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն Telegram-ում հայտնել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքին հասցված հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել, 14 մարդ՝ վիրավորվել։ Բնակելի շենքերից մեկում հարվածներից հետո հրդեհ է բռնկվել, 52 մարդ տարհանվել է։ Բացի այդ, ըստ պաշտոնյայի, այրվել է 40 ավտոմեքենա։
Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի՝ առավոտյան ռուսական ուժերը գրոհել են երկիրը 64 հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով․օդային թիրախներից 44-ը խոցվել են։
Լվովի մարզում հարվածների հետևանքով, ըստ տեղի իշխանությունների, վնասվել է Դրոգոբիչ քաղաքում գտնվող արդյունաբերական օբյեկտ, որում նաև հրդեհ է բռնկվել։ Տուժածներ չկան։
Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ Լեհաստանը, որը գտնվում է Դրոգոբիչից 70 կմ հեռավորության վրա, հայտարարել է, որ ձեռնարկվում են անվտանգության բոլոր միջոցառումները։ Լեհական ԶԼՄ-ները հայտնում են, որ լեհ զինվորականներն օդ են բարձրացրել F-16 կործանիչներ։
Ռուսական կողմն իր հերթին հայտնում է, որ Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքը։ Ըստ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի՝ կա 2 տուժած, որոնք արդյունաբերական օբյեկտներից մեկի աշխատակիցներ են։ Նաև վնասվել է 10 մեքենա և արտադրամասերից մեկի տանիքը։