Հայկ Մարությանը զրկվեց Երևանի ավագանու անդամի մանդատից

Երևանի ավագանու որոշմամբ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը զրկվեց ավագանու անդամի մանդատից։ Երևանի ավագանին նման որոշում կայացրեց ավագանու արտահերթ նիստում՝ կողմ քվեարկելով Մարությանին ավագանու անդամի մանդատից զրկելու որոշմանը։

Հարցի քննարկման ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ քաղաքապետարանի Իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Մարությանին մանդատից զրկելու նախագծին։

Հարցը զեկուցեց Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

«Այս ավագանու առաջին նստաշրջանում տեղի է ունեցել 42 քվեարկություն։ Համաձայն Երևան քաղաքում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի երկրորդ մասի ՝ եթե ավագանու անդամը մեկ նստաշրջանի ընթացքում բացակայում է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից, կամ հանձնաժողովի նիստերի կեսից, ապա ավագանին կարող է դադարեցնել տվյալ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ պարոն Մարությանը 42 քվեարկություններից ներկա է եղել զրո քվեարկության, այսինքն՝ ոչ միայն քվեարկությունների կեսից ավելիից է բացակա եղել, այլ՝ բոլոր քվեարկություններից է բացակայել»,-ներկայացրեց Գալջյանը՝ ընդգծելով, որ Հայկ Մարությանի պարագայում բոլոր հիմքերն առկա են ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ, քանի որ, լինելով Քաղաքաշինության մշտական հանձնաժողովի անդամ, նա նաև այդ նիստերից ոչ մեկին չի մասնակցել։

Գալջյանի խոսքով՝ անհրաժեշտ է բարձր գնահատել ավագանու ինստիտուտը, և այն անդամները, որոնք արհամարհանք ունեն դրա նկատմամբ, պետք է հեռանան, իսկ նրանց փոխարեն լինեն այլ անդամներ՝ նույն խմբակցությունից։

Հայկ Մարությանը, ով ներկա էր արտահերթ նիստին, համոզմունք հայտնեց, որ իրեն և ընդդիմադիր մյուս անդամներին մանդատից զրկելու որոշումը պայմանավորված է նրանով, որ իրենք պահանջել են քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրաժարականը։

Նրա խոսքով՝ իր ընտրողները իրեն մանդատ են տվել 5 տարով, և երեք ամիս նիստերին չներկայանալու համար իր լիազորությունները դադարեցնելու իրավունք ոչ ոք չունի։

Մարությանը շեշտեց, որ իր պարտականություններն իրականացնում է ավագանու նիստերից դուրս՝ իր խմբակցության հետ նախագծեր մշակելով, մարդկանց հետ հանդիպումներով, հանրային քննարկումների կազմակերպմամբ և այլն։

Ինչ վերաբերում է ավագանու նիստերից բացակայությանը, Մարությանը պատճառաբանել է, որ չի ներկայացել, որպեսզի չմասնակցի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջարկված նախագծերի քննարկմանը։

Մարությանը իրեն մանդատից զրկելու որոշումը որակեց որպես քաղաքական հաշվեհարդար իր նկատմամբ։

Արտահերթ նիստում հարցի շուրջ ծավալված թեժ քննարկումներից ու ելույթներից հետո Երևանի ավագանու անդամ Հայկ Մարությանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին ավագանու որոշման նախագիծն ընդունվել է 34 կողմ ձայնով։

Տեսանյութեր

Լրահոս