Ո՞վ է աջակցելու ՔՊ-ին ավագանիում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստ է հրավիրվելու, օրակարգում ավագանու ընդդիմադիր անդամներին՝ Հայկ Մարությանին, Զարուհի Փոստանջյանին, Գեւորգ Ստեփանյանին, Նարինե Հայրապետյանին, Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու հարցն է: Բայց ՔՊ-ն եւ դաշնակից «Հանրապետություն» կուսակցությունը միասին չունեն բավարար ձայներ, եւ եթե մյուս 3 ֆրակցիաներից ոչ ոք չմասնակցի նիստին, քվորում չի լինի, նիստը կտապալվի։
Մարությանի ղեկավարած «Ազգային առաջընթացը» եւ «Մայր Հայաստանը» հայտարարել են նիստը բոյկոտելու մասին, Դոգը՝ Վարդան Ղուկասյանը, «Հանրային ձայնի» անունից է վստահեցրել, որ չեն մասնակցելու նիստին եւ առհասարակ` բոլոր նիստերին, կոչ անելով գնալ նոր ընտրությունների։
Բայց ընդդիմադիրները կասկածներ ունեն, որ «Հանրային ձայնից» նիստին մասնակցող կլինի։ Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, կերեւա այսօր, բայց հնարավոր է, որ անգամ եթե այսօրվա նիստը տապալվի, որոշ ժամանակ անց այն կրկնեն եւ հաջողության հասնեն»: