Բաժիններ՝

ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար Թրամփի մրցակից Նիկի Հեյլին լրացուցիչ պաշտպանություն է խնդրել

ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ մրցակցող Նիկի Հեյլին հատուկ ծառայություններից պաշտպանություն է խնդրել՝ պատճառաբանելով սպառնալիքների աճը։ Այս մասին հաղորդում է CBS News պարբերականը։

Հեյլին, որը նախկինում զբաղեցրել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնը, և Թրամփի դեմ հանրապետականների կողմից առաջադրվելու համար մրցակցող միակ թեկնածուն է մնում, The Wall Street Journal-ի հայտնել է, որ իր ընտրարշավը «բազմաթիվ խնդիրներ ունի»։

«Դա ինձ չի կանգնեցնի այն ամենից, ինչ պետք է անեմ», – ասել է նա։

Հարավային Կարոլինայում նախընտրական միջոցառումների ժամանակ Հեյլիին ուղեկցում են ինչպես անձնական անվտանգության աշխատողները, այնպես էլ տեղի իրավապահները։ Ըստ CBS News-ի՝ Այովա և Նյու Հեմփշիր նահանգներում քարոզարշավի ժամանակ նման ուժեղացված անվտանգություն չի եղել։

Անցյալ շաբաթ Նիկի Հեյլին լրագրողներին հայտնել էր, որ նախագահի պաշտոնի համար առաջադրվողների համար «սպառնալիքներն իրականություն են», և նշել էր, որ իր քարոզարշավի խումբն ուժեղացնում է անվտանգությունը։

Նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունը ներկայացրած անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը՝ նախկին նախագահ Ջոն Քենեդիի եղբորորդին, X սոցիալական հարթակում գրել է․ «Հուսով եմ՝ նրանք Նիկի Հեյլիի անվտանգության մասին ավելի շատ են անհանգստանում, քան իմ։ Ես երեք անգամ խնդրել եմ (խմբ․՝ լրացուցիչ անվտանգություն), բայց մերժում ստացել։ Հաջողություն, Նիկի՛»։

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերին։ Գործող նախագահ Ջո Բայդենը նույնպես ներկայացրել է իր թեկնածությունը Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս