Մարդու իրավունքները Հայաստանում-2023. զեկույց

Նախաբան

2023 թվականին տեղի ունեցած իրադարձությունները և աղետի մասշտաբները դժվար է մեկնաբանել։ Շուրջ ինը ամիս շրջափակման մեջ պահելով Արցախը, պարբերաբար բնակչությանը զրկելով սննդից, էլեկտրաէներգիայից, գազից, դեղորայքից և այլ առաջին անհրաժեշտության միջոցներից, ենթարկելով նվաստացումների և ահաբեկումների՝ Ադրբեջանը, միջազգային «մտահոգությունների» և «խաղաղ ճանապարհով խնդիրները լուծելու» կոչերի ներքո հասավ իր վերջնական նպատակներին։ Ողջ փաստագրված պատմության ընթացքում հայերով բնակեցված, վերջիններիս մշակույթի և ինքնության կարևորագույն օջախներից մեկը՝ Արցախը, ամբողջությամբ հայաթափվեց բացահայտ և ագրեսիվ պատերազմի միջոցով։

Այս ամենի մեջ առավել աբսուրդային դերը թերևս բաժին ընկավ ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո արցախահայերի ինքնորոշման իրավունքի երաշխավորի և աջակցողի դերը ստանձնած Հայաստանի Հանրապետությանը, որի ղեկավարությունը, «ձեռքերը լվանալով», լրացրեց լուռ և մտահոգ դիտորդների շարքերը։ Քսանմեկերորդ դարի առաջին քառորդը մոտենում է ավարտին և մենք ականատես ենք լինում, թե ինչպես է բնական հարուստ պաշարներով պետության կողմից մարդկության դեմ ուղղված և մանրամասն պլանավորված հանցագործությունը՝ տեղաբնակների նկատմամբ ագրեսիվ պատերազմը և զանգվածային վտարումը, լիովին ընդունվում իրեն քաղաքակիրթ համարող աշխարհի կողմից։

Բնականաբար, 2023 թվականին Հայաստանի ներպետական բոլոր զարգացումները պտտվեցին այս աղետի և դրա հետևանքների շուրջ։ Միևնույն ժամանակ իշխանությունները շարունակեցին ամրապնդել քաղաքական հետապնդումների, ոստիկանական բռնությունների և անպատժելիության մշակույթը, ինչպես նաև դատական համակարգի յուրացումը և սեփական իշխանության կենտրոնացումը որպես «բարեփոխում» ներկայացնելու գործելաոճը։

2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում դատական համակարգից իշխանություններին ոչ ցանկալի դատավորների հեռացման, իրավապահ մարմինների կողմից խոշտանգումների, փաստաբանների նկատմամբ բռնությունների, քաղաքական հետապնդումների, ինչպես նաև պետական պաշտոնյաների և նրանց մերձավորների մասնակցությամբ միջադեպերի վերաբերյալ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել էր արտահերթ զեկույց, որը հասանելի է հայերեն և անգլերեն լեզուներով։ Սույն զեկույցում ամփոփված են 2023 թվականի հետագա զարգացումները, ինչպես նաև տարվա իրադարձություններն ամփոփող ընդհանուր դիտարկումները։

Դատական համակարգ

Դատական համակարգի ենթարկացման և անցանկալի դատավորների հեռացման զարգացումները նոր փուլ մտան 2022 թվականի տարեվերջին` Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նոր ղեկավարի ընտրությունից հետո։ Համաձայն Սահմանադրության՝ ԲԴԽ-ն կազմվում է 10 անդամներից, որոնցից հինգ դատավորները ընտրվում են դատավորների ընդհանուր ժողովի, իսկ մյուս հինգը, որպես հեղինակավոր իրավաբաններ, Ազգային ժողովի (ԱԺ) կողմից:

Խորհրդի կազմում ԱԺ իշխող խմբակցության կողմից նոր ընտրված իրավաբաններից էին «Քաղաքացիական պամանագիր» (ՔՊ) կուսակցության նախկին անդամ, ընտրվելուց անմիջապես առաջ Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Կարեն Անդրեասյանը, որը նաև ստանձնեց ԲԴԽ ղեկավարի պաշտոնը, և Երանուհի Թումանյանցը, որը մինչ ընտրվելը նախարար Կ․ Անդրեասյանի տեղակալներից էր։ Մյուս երեք իրավաբան անդամները նույնպես ընտրվել էին ՔՊ խմբակցության կողմից։ ԲԴԽ գործելաոճը, ինչպես նաև Կ․ Անդրեասյանին և Ե․ Թումանյանցին խորհրդի կազմում ընտրելու հանգամանքը քննադատվել էր Դատավորների եվրոպական միության կողմից 2023 թվականի հունիսի 2-ին  ընդունած հայտարարությամբ։ Միությունը խնդրահարույց էր համարել ԲԴԽ ոչ դատավոր անդամների ընտրությունը խորհրդարանական մեծամասնության կողմից, ինչը հուշում է ընտրության՝ քաղաքականապես մոտիվացված լինելու մասին։

Կ․ Անդրեասյանի ղեկավարության ներքո ԲԴԽ կողմից 2023 թվականին դադարեցվեցին 33 դատավորի լիազորություններ, որոնցից 10-ի պարագայում՝ կարգապահական վարույթների արդյունքում։ Մի շարք դատավորների լիազորությունների դադարեցումը փաստացի պայմանավորված էր վերջիններիս կողմից ԲԴԽ գործելաոճի քննադատությամբ։ Օրինակ, փետրվարի 27-ին, դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին այն բանի համար, որ վերջինս ֆեյսբուքյան գրառմամբ պաշտպանել էր մեկ այլ դատավորի՝ Աննա Փիլոսյանին, ում ԲԴԽ-ն հեռացրել էր դատական համակարգից քաղաքացիական 4 գործերով վճիռների հրապարակումը ուշացնելու համար։ Խնդրո առարկա գրառումը կրում էր հետևյալ բովանդակությունը՝ «Կողմ քվեարկած անձինք, դո՛ւք եք այս որոշման հետ ապրելու՝ ոչ Փիլոսյանը, ոչ հասարակությունը, դո՛ւք»։ Հարկ է նշել, որ Ա․ Փիլոսյանը ընդդիմադիր հայացքներ ունեցող իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի կինն է։

Մեկ այլ դատավորի՝ Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվեցին հուլիսի 3-ին, որի դռնբաց նիստին լրագրողներին թույլ չտվեցին ներկա գտնվել։ Դ․ Հարությունյանի լիազորությունների դադարեցման պատճառը ապրիլի 7-ին հարցազրույցի ընթացքում հնչեցրած քննադատությունն էր ԲԴԽ հասցեին՝ դատավորը կասկած էր հայտնել ԲԴԽ կողմից կես տարվա ընթացքում 20-ից ավելի դատավորների համակարգից հեռացնելու որոշումների անաչառության վերաբերյալ, քանի որ բոլոր որոշումները կայացվել էին բացարձակ կոնսենսուսով։ Հարկ է նշել, որ նշված վարույթները դատավորների դեմ նախաձեռնվել էին ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունների հիման վրա, որը նույնպես Կ․ Անդրեասյանի տեղակալն էր վերջինիս պաշտոնավարման ընթացքում։

Միջազգային մոտեցումներին համաձայն՝ դատավորներն ունեն իրավունք, ի թիվս այլ հարցերի, մեկնաբանել դատական իշխանության կառավարման, անկախության և իշխանությունների տարանջատմանը վերաբերող հարցերը։ Անգամ եթե դատավորները թույլ են տվել արտահայտման իրավունքի սահմանափակման խախտում, ոչ բոլոր դեպքերում դրանց պետք է հաջորդեն կարգապահական վարույթները, որպեսզի այլ դատավորների նկատմամբ դրանք չունենան «սառեցնող ազդեցություն» (chilling effect):

Նշված վարույթների «սառեցնող ազդեցությունը» արդեն ստացել է իր դրսևորումները։ Մի շարք դատավորներ, որոնք 2022 թվականին հայցադիմումներ էին ներկայացրել ընդդեմ ԲԴԽ-ի՝ առաջխաղացման ցուցակներից իրենց անունները հեռացնելու դեմ, 2023 թվականի ընթացքում հետ էին վերցրել դրանք։ Դատավորի վարքագծի կանոնների խախտման հիմքով կարգապահական վարույթների միջոցով կարծիքի արտահայտման իրավունքի զսպումը դատավորներին անհատապես պատժելու տարածված գործելաոճ է, ինչը մի շարք երկրների պարագայում արձանագրել է նաև Միավորված ազգերի կազմակերպության Դատավորների և փաստաբանների անկախության հարցերով հատուկ զեկուցողը։ Բնականաբար, նման դեպքերի մասին Հատուկ զեկուցողը տեղեկանում է, որպես կանոն, ոչ թե տվյալ երկրի կառավարություններից, այլ քաղաքացիական հասարակության կազմակերպություններից։

Դատավորների նկատմամբ ճնշումները 2023 թվականին այսքանով չեն սահմանափակվել։ Ըստ «Ժողովուրդ» թերթի հրապարակման՝ Կ․ Անդրեասյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորների մի մասի հետ հունիսին փակ հանդիպում էր անցկացրել, որտեղ վերջիններից պահանջել է ընտրել այսպես կոչված «ստվերային նախագահ», նկատի ունենալով իրեն նախընտրելի թեկնածու դատավոր Ռուբիկ Մխիթարյանին։ Հոդվածում հիշատակված դատավորները չէին հերքել արտահոսքի իսկությունը, թեև հրաժարվել էին մեկնաբանել։ Տարվա ընթացքում հրապարակվել են դատավորների նկատմամբ ճնշումների բազմաթիվ այլ ահազանգող հաղորդումներ՝ ԲԴԽ անդամների թափուր տեղում իշխանության համար ցանկալի դատավորների ընտրության, տեսախցիկների առջև քվեարկելու և այլ ճնշումների ու սպառնալիքների մասին։

Դատական համակարգի անկախության խնդիրներից է նաև դատական գործերի բաշխման ավտոմատացված համակարգի խաթարված գործողությունը։ Ազգային անվտանգության ծառայությունը 2021 թվականին առգրավել էր համակարգի մուտքի և կառավարման բանալիները, որի հետևանքով դատական բազմաթիվ գործերի բաշխումը կատարվել էր «ձեռքով», ինչը պարունակում է քաղաքական նպատակահարմարությամբ առաջնորդվելու ռիսկեր։ Խնդիրն իր արտացոլումն է գտել նաև նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարանի համատեքստում, որի գործարկումից ի վեր 174 քրեական և 41 քաղաքացիական գործեր մակագրվել են ձեռքով՝ դատարանի նախագահի կողմից։ Այս գործերից են մի շարք նախկին պաշտոնյաների նկատմամբ ընթացող և քաղաքական հնչեղություն ունեցող գործերը, ինչպես ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, Գորիսի փոխհամայնքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի նկատմամբ քրեական գործերը։

Դատական իշխանության նկատմամբ գործող իշխանությունների ազդեցությունն ուժեղացնելուն ուղղված ջանքերը կարելի է ամփոփել՝ վկայակոչելով հենց Կ․ Անդրեասյանի տարեվերջյան հայտարարությունը․

«Այդքան քննարկված և պահանջված դատական վեթթինգի շրջանակներում տեղի են ունեցել դատավորների հսկայածավալ ազատումներ և նշանակումներ: Այսպես՝ ներկայումս պաշտոնավարող 309 դատավորներից 200-ը նշանակվել են 2018 թվականի հեղափոխությունից հետո»։

Խաղաղ հավաքների ազատություն

Հավաքների ազատության իրավունքի իրացումը 2023 թվականին կրկին ուղեկցվել է ինչպես նոր բռնություններով, անհամաչափ միջամտություններով, օրենքի կամայական կիրառություններով, այնպես էլ նախորդ տարիներին տեղի ունեցած ոստիկանական բռնությունների վերաբերյալ պատշաճ քննության բացակայությամբ։

Տարվա ընթացքում անցկացված հավաքների ճնշող մեծամասնությունը այս կամ այն կերպ կապված էին Արցախի շարունակվող շրջափակման, սեպտեմբերին Ադրբեջանի կողմից լայնածավալ զինված հարձակման և դրան հաջորդած Արցախի ամբողջական հայաթափման հետ։ Բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնությունների շրջանակներում մարդիկ հավաքներ են անցկացրել ՀՀ-ում տարբեր պետությունների դեսպանատների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների առջև։ Նրանք միջազգային հանրությունից պահանջում էին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ինչն Ադրբեջանին տարեսկզբին պարտավորեցրել էր Արդարադատության միջազգային դատարանը։

Նշված նախաձեռնությունների կողմից կազմակերպված հավաքների նկատմամբ ոստիկանության էական միջամտություններ չեն դիտարկվել։ Իրավիճակը շրջադարձային տարբեր է եղել այն պարագայում, երբ հավաքների մասնակիցների կողմից պահանջները ուղղված են եղել ՀՀ պետական մարմիններին։ Սեպտեմբերի 19-ին՝ Ադրբեջանի լայնածավալ հարձակման լուրից կարճ ժամանակ անց վարչապետ Ն․ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը չի պատրաստվում միջամտել։ Նույն ժամանակահատվածում Կառավարության նստավայրի առջև հավաքվեց մարդկանց մեծ բազմություն, որոնց մի մասը պահանջում էր վարչապետի և կառավարության հրաժարականը, մի մասն էլ՝ քայլեր ձեռնարկել Արցախի բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Տեղի ունեցան ընդհարումներ ոստիկանության և մասնակիցների մի մասի միջև։ Որոշ ցուցարարներ փորձում էին ճեղքել Կառավարության նստավայրի առջև ոստիկանների կազմած շղթան, պլաստիկ շշեր և այլ առարկաներ էին նետում ոստիկանների ուղղությամբ։ Ոստիկանությունը, իր հերթին, առանց նախազգուշացման կիրառեց լուսաձայնային նռնակներ՝ նաև անմիջապես ցուցարարների բազմության ուղղությամբ։ Երևանի իրադարձություններին զուգահեռ շարունակվում էր Արցախի դեմ պատերազմը և հայաթափումը։

Հաջորդող օրերին ընդդիմադիր մի շարք ուժերի կողմից ձևավորվեց «Ազգային կոմիտե» նախաձեռնությունը, որը նպատակ դրեց գլխավորել շարժումը և հասնել կառավարության հրաժարականին։ Հարկ է նշել, որ սեպտեմբերյան ցույցերի ընթացքում ոչ բոլոր հավաքներն էին անցկացվում ընդդիմության օրակարգով։ Օրինակ, «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամները, որոնք հիմնականում ուսման նպատակով ՀՀ-ում գտնվող արցախցի երիտասարներն էին, պահանջում էին ապահովել արցախահայերին հումանիտար միջանցքով, որպեսզի կարողանան մուտք գործել Հայաստան։

Սեպտեմբերյան հավաքների ընթացքում, ըստ ոստիկանության տվյալների, բերման է ենթարկվել 529 մասնակից, ընդդիմության կարծիքով՝ թիվը գերազանցել է 700-ից։ Հավաքների ընթացքում դիտարկվել են անհամաչափ ուժի և բռնությունների բազմաթիվ դեպքեր, ոստիկանների խմբի կողմից ցուցարարներին ծեծի ենթարկելու առնվազն չորս դեպք տեղի է ունեցել տեսախցիկների առջև։ Որևէ ոստիկան բռնությունների համար պատասխանատվության չի ենթարկվել, իսկ  Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը պնդել է, որ միջադեպերը տեղի են ունենում կազմակերպիչների հրահրմամբ։ Սեպտեմբերյան ցույցերի դիտորդության արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է զեկույց, որը հասանելի է հայերեն և անգլերեն լեզուներով։

Սեպտեմբերյան ցույցերի վերաբերյալ հարուցվել էին մի քանի քրեական գործեր, ներառյալ խուլիգանության և զանգվածային անկարգությունների հիմքով։ Մոտ երկու տասնյակ փաստաբաններ սեպտեմբերի 25-ին հայտարարություն էին տարածել, քննադատելով ցույցերի մասնակիցների նկատմամբ մեղադրանքները, կալանքի՝ գրեթե բոլոր դեպքերում բավարարելու փաստը, որոնց հիմքում, որպես կանոն, դրված էին բացառապես ոստիկանների ցուցմունքները։ Հոկտեմբերի 27-ին՝ հավաքներից մոտ մեկ ու կես ամիս անց, ձերբակալվել և այնուհետև կալանավորվել էին 4 արցախցի երիտասարդ, որոնցից մեկը 16 տարեկան Սամվել Միրզոյանն էր։ Կալանավորման հիմքում դրվել է այն ենթադրությունը, որ անչափահասը կարող է խոչընդոտել վարույթի անկացմանը և ապացույցների հավաքագրմանը Աննախադեպ էր նաև արցախցի կին ցուցարարի՝ երկու անչափահաս երեխաների մայր Տաթևիկ Վիրաբյանի նկատմամբ հետապնդումը և շուրջ երկու ամիս կալանքի տակ պահելը։ Տ․ Վիրաբյանը մեղադրվում էր ֆեյսբուքյան գրառմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու մեջ՝ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածով։ Այս ամենի ընթացքում իշխող կուսակցության անդամների և աջակիցների կողմից հնչում էին արցախահայերին սոցիալական աջակցությունից զրկելու կոչեր և սպառնալիքներ, եթե վերջիններս մասնակցեն հավաքներին։

Հավաքների ազատության խախտումներ են տեղի ունեցել նաև հետագայում։ Հոկտեմբերի 6-ին՝ ոստիկանությունը միջամտելով Ազգային ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) կողմից անցկացված երթին, բերման ենթարկեց մասնակիցների մի մասին։  Ոստիկանության բաժնից ազատ արձակվելուց հետո երթի մասնակիցներից Վահրամ Պետրոսյանի դաստակին և դեմքին բռնության, ենթադրաբար՝ հարվածի հետքեր են եղել։ Բռնության հանգամանքը հիմնավորվում է նրանով, որ հավաքի վայրից հեռարձակվող ուղիղ եթերում պարզ երևում է, որ երկու ոստիկանների կողմից արգելանքի վերցնելու պահին Վ․ Պետրոսյանի դեմքին որևէ հետք չի եղել։ Ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը, որը նույնպես բերման էր ենթարկվել նույն հավաքի ընթացքում, հայտնել էր, որ ոստիկանության գործողությունների արդյունքում վնասվել էր ոտքը։

Բազմաթիվ անհամաչափ միջամտություններ են տեղի ունեցել «Զանգ» նախաձեռնության կողմից անցկացված հավաքների և երթերի ընթացքում։ Նախաձեռնության մասնակիցները իրականացնում էին ամենօրյա հավաքներ Մ․ Մանուշյանի անվան պուրակում և այլ վայրերում, որի ընթացքում խորհրդանշական ակցիաներով փորձում էին ներկայացնել Հայաստանին սպառնացող առկա մարտահրավերները և քննադատում իշխանությունների գործելաոճը։ Հիմնական կիրառվող խորհրդանիշներից էր ճամփորդական վրանը, որը մասնակիցները փորձում էին տեղադրել պուրակում՝ որպես տան, կացարանի և պետության այլաբանական խորհրդանիշ։ Ոստիկանությունը, առանց իրավաչափ հիմքեր ներկայացնելու, գործողությունը մեկնաբանում էր որպես հասարակական կարգի խախտում, արգելում վրանի տեղադրումը, առգրավում էր այն և բերման ենթարկում հավաքի մասնակիցներին՝ փաստացի դադարեցնելով հավաքը։ «Զանգ» նախաձեռնության կողմից կազմակերպված հավաքների դիտարկման և արձանագրված խախտումների վերաբերյալ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է արտահերթ զեկույց։

Նախորդ տարիներին տեղի ունեցած ոստիկանական բռնությունների և միջամտությունների վերաբերյալ գործերով դրական զարգացումներ չեն արձանագրվել։ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական գործով որևէ ոստիկանի նկատմամբ այդպես էլ քրեական հետապնդմում չհարուցվեց, իսկ 2023 թվականի նոյեմբերին գործը կարճվեց։ Նշված հավաքը կազմակերպվել էր 44 օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ծնողների կողմից, որոնք փորձել էին արգելափակել վարչապետ Ն․ Փաշինյանի մուտքը զինվորական պանթեոն, որտեղ հուղարկավորված են իրենց զավակները։ Ոստիկանության հարյուրավոր ծառայողներ կոպիտ ուժի կիրառմամբ բերման էին ենթարկել ծնողներից 37-ին, այդ կերպ ճանապարհ բացելով վարչապետի և այլ պետական պաշտոնյաների համար  Հատկանշական է, որ մինչ այդ՝ մայիսի 22-ին հրավիրված ասուլիսի ընթացքում պատասխանելով լրագրողի դիտարկմանը, ոստիկանների գործողությունները արդարացրել էր հենց Ն․ Փաշինյանը, ասելով՝ «հիշատակեցիք «Եռաբլուր»-ի դեպքը, իսկ դուք համոզվա՞ծ եք, որ ոստիկանությունը ապօրինություն է թույլ տվել: Եթե հանցագործություն չկա, այդ գործը ո՞նց, ի՞նչ հիմքով գնա դատարան»։

Ոստիկանության գործողությունները Եռաբլուրում սուր քննադատության էին արժանացել հանրության և իրավապաշտպանների կողմից, 35 հասարակական կազմակերպություններ պահանջել էին ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրաժարականը։ Դրա փոխարեն, Վ․ Ղազարյանը 2023 թվականի տարեսկզբին նշանակվեց նոր ձևավորված Ներքին գործերի նախարարի պաշտոնում։

Խոշտանգումներ և բռնություններ

2023 թվականի հունվարի 1-ին սկսեց գործել ՀՀ ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ), որի գործունեության առաջին տարին ուղեկցվեց փաստաբանների նկատմամբ ոստիկանության բաժիններում բռնություններով, ինչպես նաև խոշտանգումների, բաժինների պատուհաններից մարդկանց դուրս ընկնելու և մահանալու դեպքերով։

Փետրվարի 9-ին ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում ծեծի էին ենթարկվել փաստաբաններ Մարզպետ Ավագյանը և Էմանուել Անանյանը, իսկ հունիսի 7-ին ոստիկանության Կենտրոնի բաժնում՝ փաստաբան Կարեն Ալավերդյանը։ Կ․ Ալավերդյանը փորձել էր պաշտպանել բաժնում գտնվող իր վստահորդին, որը ձեռնաշղթաներով գետնին ընկած՝ հինգ-վեց ոստիկանի կողմից ծեծի էր ենթարկվում։ Նշված դեպքերի ավելի մանրամասն նկարագրությունը հասանելի է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախորդ զեկույցում՝  հայերեն և անգլերեն լեզուներով։

Իրավապահների կողմից պատշաճ արձագանք չստանալով, փաստաբանները մի քանի օր գործադուլ էին իրականացրել՝ պահանջելով ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականը։ Նշված բռնությունների դեպքերի վերաբերյալ հարուցված գործերով պատժի ենթարկվածներ չկան։

Իրավապահների կողմից խոշտանգման դեպքերի մասին 2023 թվականի ընթացքում ստացվել են բազմաթիվ այլ ահազանգեր։ Սեպտեմբերի 1-ին փաստաբան Գևորգ Մխիթարյանը հայտնել էր իր վստահորդ Արայիկ Ավագյանի նկատմամբ խոշտանգման դեպքի մասին։ Ըստ փաստաբանի՝ ոստիկանության վարչական շենք մուտք գործելու տևական խոչընդոտներից հետո վերջինս գտել է իր վստահորդին շենքի միջանցքի հատակին՝ արնաշաղախ վիճակում։ Հայ Ազգային Կոնգրեսի նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը հուլիսի 22-ին տեսանյութով հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ազատ Գևորգյանի և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ իրեն ենթարկել էին ծեծի, էլեկտրահարել էին թաց մարմինը, սպառնացել իրեն և ընտանիքին, որից հետո փորձել էին կոծկել ամենը՝ փոխելով արյունոտված հագուստը և վերացնելով հետքերը։ Թեև խոշտանգման հիմքով քրեական գործ է հարուցվել, Տ․ Առաքելյանի վկայակոչած պաշտոնյաներին՝ Արգիշտի Քյարամյանին, Ազատ Գևորգյանին մեղադրանք չի առաջադրվել։ Միևնույն ժամանակ Տ․ Առաքելյանը, որը մեղադրվում է շորթման մեջ, շուրջ 5 ամիս է կալանավորված է՝ առանց տեսակցությունների իրավունքի։

Ապրիլի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային վարչության երրորդ հարկից ընկել և մահացել էր Հովտաշեն համայնքի բնակիչ Միսակ Պողոսյանը։ Հարազատները բացառում են փախուստի փորձի հավանականությունը, պնդելով, որ Մ․ Պողոսյանը մի քանի ժամից ամեն դեպքում ազատ էր արձակվելու, իսկ փախուստի ցանկության պարագայում ունեցել է ավելի հարմար հնարավորություններ։ Ըստ փաստաբանի՝ շենքի այն հատվածը, որտեղից ընկել էր Մ․ Պողոսյանը, տեսախցիկների տիրույթում չէ։

Հուլիսի 20-ին ՌԴ քաղաքացի Վադիմ Վոլկովը ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքի 5-րդ հարկի պատուհանից ցած է ընկել և մահացել։ Վերջինս եղել է ձեռնաշղթաներով։ Երկու դեպքում էլ Քննչական կոմիտեն շտապել էր հայտնել, որ մահացածները բաժիններում էին գտնվում թմրամիջոցների հետ կապված գործերով և փորձել են պատուհանից փախուստի դիմել։

Տարվա ընթացքում երրորդ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին։ ՌԴ քաղաքացի, «թրեշ-բլոգգեր» Յուլիա Մաքսիմովսկայան, ըստ Քննչական կոմիտեի, փորձել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի զուգարանի պատուհանից փախուստի դիմել և ընկել է զբոսավայրի ցանցե տանիքին։ Վերջինս ստացել էր ողերի կոտրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։

2019 թվականի սեպտեմբերի 17-ին Եղեգնաձոր քաղաքում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը, այդպես էլ դուրս չգալով կոմայից, մահացավ 2023 թվականի հուլիսի 27-ին։ Փոխգնդապետին ծեծի էր ենթարկել  Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը, որը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման։ Ըստ Ա․ Մխիթարյանի ծառայակից երեք վկաների՝ դեպքի վայրում ներկա էր նաև անձամբ Տրդատ Սարգսյանը։ Տ․ Սարգսյանը, հերքելով իր առնչությունը միջադեպին, այնուամենայնիվ հրաժարական էր ներկայացրել մարզպետի պաշտոնից։ 2021 թվականին ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում նա դարձել էր պատգամավոր՝ իշխող ՔՊ կուսակցության ցուցակով, իսկ երեք զինծառայող ականատեսների դեմ մեղադրանք է ներկայացվել՝ սուտ մատնության հիմքով։

Քաղաքական հետապնդումներ

2023 թվականին շարունակվեցին ընդդիմադիր հայացքներով քաղաքացիների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հետապնդումները։ Առավել աղմկահարույց դեպքերից էր  ընդդիմադիր ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորումը։ Ա․ Աշոտյանը մեղադրվում է 2015 թվականին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի, ինչպես նաև Կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում պաշտոնական դիրքի չարաշահում և փողերի լվացում կատարելու մեջ։ Մեղադրանքը առաջադրվել էր դեռևս 2022 թվականի նոյեմբերին, սակայն խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Ըստ մեղադրանքի՝ Ա․ Աշոտյանը դրդել էր ռեկտոր Միքայել Նարիմանյանին համալսարանի անունից ձեռք բերել բնակարաններ Իշխան Սաղաթելյանի ընտանիքին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրից։ Քննչական կոմիտեն պնդում է, որ Ա․ Աշոտյանը գործի քննության ընթացքում փորձել էր վկաներին և մեղադրյալներին առաջարկել իր փաստաբանների ծառայությունները՝ գործի ընթացքի վրա ազդելու համար, որի պատճառով միջնորդել էին նրան կալանավորել։ Ա․ Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը հերքում է նախաքննության վրա ազդելու փորձերը և հայտնում, որ բժշկական համալսարանի անունից ձեռք բերված բնակարանները մինչ այժմ գտնվում են համալսարանի հաշվեկշռում, իսկ դրանց շուկայական արժեքը նույնիսկ ավելացել է, ինչը բացառում է փողերի լվացման և մյուս մեղադրանքները։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն պարբերաբար անդրադարձել է Հայաստանում քաղաքական հետապնդման դեպքերին նախորդ զեկույցներում։ Դրանցից են գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործը, ով շուրջ 9 ամիս կալանքից հետո ազատ արձակվեց 20 միլիոն դրամ գրավի դիմաց, Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գործը, ով մինչ այժմ կալանավորված է, Ավետիք Չալաբյանի գործը, ում վերաբերյալ կիրառված օրենքը և պատիժը հակասում են հավաքների ազատության իրավունքի միջազգային չափանիշներին։ Սույն զեկույցի հաջորդ ենթաբաժիններում անդրադարձ է կատարվում քաղաքական հետապնդումների մի շարք այլ օրինակների, որոնք առնչվում են ինչպես հետապնդվողների ազատության, այնպես էլ այլ իրավունքների սահմանափակումներին։

Ատելության խոսքի վերաբերյալ քրեական հոդվածների կիրառումը

Ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հաճախ չարաշահվում են քրեական օրենսգրքում ատելության խոսքին վերաբերող երկու հոդվածները՝ բռնութուն գործադրելու հրապարակային կոչերը (հոդված 330) և ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը (հոդված 329): Երկու հոդվածի պարագայում էլ արարքը պետք է պայմանավորված լինի որոշակի պաշտպանվող հատկանիշով՝ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով։ Հոդվածները հաճախ կամայականորեն են մեկնաբանվում իրավապահ մարմինների կողմից, իսկ կիրառման պրակտիկան խտրական է։ Այսպես՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի քրեականացումից ի վեր այդ հիմքով դատարաններում քննվող գործերի 95 տոկոսը առնչվում են Ն Փաշինյանին և նրա աջակիցներին։ Այս ամենը այն դեպքում, երբ իշխանությունների հասցեին քննադատության սահմանները պետք է ավելի լայն լինեն, քան քաղաքացիների պարագայում։ Մյուս կողմից՝ կամայականորեն է մեկնաբանվում ինչպես բուն բռնության կոչերի հասկացությունը, այնպես էլ «քաղաքական հայացքներ» եզրույթը՝ որպես պաշտպանվող հատկանիշ, ինչը ներկայացված է հետևյալ օրինակներում։

2023 թվականի բռնության հրապարակային կոչերի համար մեղադրանք առաջադրվեց սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանին, ով հայտնի է ընդգծված ընդդիմադիր հայացքներով։ Ըստ մեղադրանքի՝ Ա․ Ադիբեկյանը «2022 թվականին՝ սեպտեմբեր ամսին՝ 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, իր «Ֆեյսբուք» սոցիալական կայքէջում կատարել է առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչ պարունակող հրապարակում»։

Ա․ Ադիբեկյանի հիշյալ հրապարակումը հետևյալն էր՝ «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Գեբելսի ճակատագիրը»։ Քրեական գործը հարուցվել էր, երբ Երևանում ընթանում էր ընդդիմության բողոքի ցույցերի հերթական ալիքը՝ գրառման հրապարակումից շուրջ մեկ տարի անց։ Մոտ 4 ամիս քննությունից հետո Ա․ Ադիբեկյանն արդարացվեց։

Նման գործերի պարագայում անգամ արդարացման վճիռների առկայությունն ինքնին խնդրի լուծում չի կարող համարվել, քանի որ օրենքի կամայական մեկնաբանության պրակտիկան չի շտկվում, իսկ հետապնդվողները շարունակում են մնալ իշխանությունների թիրախում։ Օրինակ, ընդդիմադիր ակտիվիստ Նարեկ Մալյանը, իր դեմ հարուցված նախորդ քրեական գործով մեղադրվում էր, որ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ իշխանության անդամների նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված, դիտավորությամբ հրապարակայնորեն արդարացրել է բռնությունը՝ սպանությունը»։ Կոնկրետ բռնությունն արդարացնելը, ըստ իրավապահների, Ռումինիայի կոմունիստական ղեկավար Նիկոլաե Չաուշեսկուի և նրա կնոջ գնդակահարության բեմականացումն էր, որը Ն․ Մալյանը իրականացրել էր 2021 թվականի փետրվարին՝ ընդդիմության ցույցերի ընթացքում և վայրում։ 2023 թվականի հունիսի 30-ին Ն․ Մալյանը արդարացվեց և ընդամենը 3 ամիս անց նրա դեմ նոր գործ հարուցվեց՝ սեպտեմբերյան ցույցերի ընթացքում։

Նոր գործով մեղադրանքը հետևյալն է՝ «2023 թվականի սեպտեմբերի 19-ին «ուղիղ եթեր» հեռարձակման միջոցով, [Նարեկ Մալյանը] հարապարակել է տեսաձայնագրություն, որում փաստացի լուսաբանելով տվյալ պահին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները՝ հանդես է եկել ՀՀ-ում գրանցված և գործող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների թվից կուսակցության առաջնորդին սատարող անդամների հասցեին որակող բնույթի հայհոյանքներ տալու և նրանց հարազատների նկատմամբ քողարկված վիրավորական արտահայտություններ կատարելու հրապարակային խոսքով՝ այդ կերպ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ քարոզելով և հրահրելով ատելություն ու անհանդուրժողականություն»։ Ուղիղ եթերից երեք օր անց Ն․ Մալյանը կալանավորվեց և սույն զեկույցի հրապարակման ընթացքում դեռևս գտնվում է կալանքի մեջ։

Միջազգային մոտեցումների համաձայն՝ կոչերը պետք է ստեղծեն բռնության վերահաս վտանգ, որպեսզի արտահայտման ազատության դեմ միջամտությունը համարվի իրավաչափ, ինչպես նաև պետք է հաշվի առնվեն կոչ անողի մտադրությունը, այն անելու համատեքստը և այլն։ Բացի այդ, քրեական օրենսգրքի իմաստով բռնություն գործադրելու հրապարակային կոչը հանցագործություն որակելու համար պետք է պայմանավորված լինի թիրախավորված անձի կամ անձանց որոշակի պաշտպանվող հատկանիշներով։ Հոդվածները պարունակում են պաշտպանվող հատկանիշների անավարտ (բաց) ցանկ, որոնց մեջ, ի թիվս ռասայական, էթնիկ, կրոնական և այլ հատկանիշների, ներառված են նաև քաղաքական հայացքները։ Վերը նկարագրված գործերով որևէ հիմնավորում առկա չէ, որ մեղադրվողների կոչը առաջացրել է բռնության վերահաս վտանգ՝ Ն․ Փաշինյանի կամ նրա թիմակիցների համար, պայմանավորված վերջիններիս քաղաքական հայացքներով։

Այստեղ խնդիրը կապված է հենց պաշտպանվող հատկանիշների մեկնաբանության հետ։ Տվյալ պարագայում, իրավապահները հղում են անում անձի «քաղաքական հայացքներին»՝ որպես թիրախավորված պաշտպանվող հատկանիշ։ Տրամաբանորեն, «քաղաքական հայացքի» ներքո պետք է ընկալվի անձի կողմից որոշակի քաղաքական գաղափարախոսություններ կամ մոտեցումներ կրելը, օրինակ՝ եթե բռնության կոչերը պայմանավորված են եղել թիրախավորված անձի կամ անձանց կոմունիստական, լիբերալիստական կամ անարխիստական հայացքներով, ապա պաշտպանվող հատկանիշի առկայությունը կարելի է հաստատել։ Սակայն, նկարագրված գործերով «քաղաքական հայացքներ» պաշտպանվող հատկանիշը իրավապահների կողմից պարզապես նույնականացվել է ՔՊ կուսակցության պատկանելիության հետ։ Ավելին՝ Ն․ Մալյանի պարագայում առանձնացվել են «ՔՊ կուսակցության անդամների թվից կուսակցության առաջնորդին սատարող անդամները», այսինքն՝ կուսակցության անորոշ մի հատվածին վերագրվել է ուրույն «քաղաքական հայացքների» առկայություն։ Ա․ Ադիբեկյանի պարգայում առհասարակ անհասկանալի է եղել պաշտպանվող հատկանիշի հանգամանքը, քանի որ հրապարակումը վերաբերում էր բացառապես անձամբ Ն․ Փաշինյանին։

Հատկանշական է, որ իշխող ՔՊ կուսակցությունը մշտապես ինքն իրեն առանձնացրել է որևէ քաղաքական գաղափարախոսությունից։ Անձամբ Ն․ Փաշինյանը բազմիցս պնդել է, որ իր հայացքները որևէ «իզմերի» մեջ չեն տեղավորվում, ինչպես նաև վերագրել է նույն մոտեցումը իր գլխավորած կուսակցությանը։ Նույնը հայտնել են կուսակցության անդամ պատգամավորները, նշելով, որ իրենց կուսակցությունը «իզմերից» դուրս է և դավանում են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են բռնության մերժումը, արդարության և ժողովրդավարության հաստատումը և այլն, փաստացի այն՝ ինչը պարզապես հռչակված է ՀՀ Սահմանադրությամբ։ Հարց է առաջանում՝ ո՞րոնք են Ն․ Փաշինյանի և ՔՊ անդամների այն քաղաքական հայացքները, որով պայմանավորված, ըստ իրավապահների, բռնության հրապարակային կոչեր և ատելություն է քարոզվում։

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոսական կազմի նկատմամբ հետապնդումները

2022 թվականի Կառավարությունը ներկայացրել էր Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը մանկավարժական և ֆիզիկական կուլտուրայի համալսարաններին միացնելու նախագիծ։ Այդ ընթացքում և հետագայում միացման նախագծի դեմ բազմաթիվ բողոքի ցույցեր էին կազմակերպվել ԲՈՒՀ-ի ուսանողների և դասախոսական կազմի կողմից։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար Վահրամ Դումանյանը վստահեցրել էր, որ միացման արդյունքում երեք ռեկտորների փոխարեն կմնա մեկը, սակայն պրոֆեսորադասախոսական կազմի կրճատումներ չեն լինի։

Համալսարանի միավորման շուրջ խմորումները շարունակվեցին հետագա ժամանակահատվածում։ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին ԲՈՒՀ-ի ռեկտորի պաշտոնում հոգաբարձուների խորհրդի կողմից վերընտրվեց Կարինե Հարությունյանը, ով դեմ էր միացման նախագծին։ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այդպես էլ չհաստատեց նրա պաշտոնավարումը, իսկ չընտրված թեկնածուն՝ ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, ընտրությունների արդյունքները բողոքարկեց դատարան, ինչի արդյունքում ԲՈՒՀ-ում ձևավորվեց կառավարման ճգնաժամ։ Կ․ Հարությունյանի խոսքով՝ իր պաշտոնավարման դադարեցումը հաշվեհարդար էր իշխանության կողմից։

Այնուհետև, ՀՀ արդարադատության նախարարությունը ձևավորեց ԲՈՒՀ-ի ժամանակավոր խորհուրդ, որի անդամներն էին նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, ԿԳՄՍ նոր նախարար Ժաննա Անդրեասյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը։ Խորհուրդը պարտված թեկնածու Դավիթ Գյուրջինյանին նշանակեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։

Մի քանի ամիս անց, Դ․ Գյուրջինյանի որոշմամբ ԲՈՒՀ-ի ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսները զրկվեցին դասաժամերից։ Այդ դասախոսներից էր ԱՄՆ արտաքին քաղաքականություն դասավանդող Սուրեն Սարգսյանը, որն իր պնդմամբ քաղաքական հայացքները լսարաններում երբեք չի հնչեցրել։ Ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը, որը մեկ քառորդ դրույքով դասավանդում էր անգլերեն-հայերեն գրական թարգմանություն, ուսումնական տարվա սկզբին տեղեկացել էր, որ իր փոխարեն այլ դասավանդող է ներգրավվել։  Առանց հիմնավորումների դասաժամեր չէին տրամադրվել նաև ուսումնական գծով ռեկտորի տեղակալ Ցոլակ Ակոպյանին, ով ընդդիմադիր «Հայաքվե» նախաձեռնության անդամներից էր, ինչպես նաև քաղպաշտպանության և ֆիզկուլտուրայի դասախոսներից Սերգեյ Ասատուրովին, ով քննադատաբար էր վերաբերում Դ․ Գյուրջինյանի նշանակմանը։

Ց․ Ակոպյանի նկատմամբ հետապնդումները չդադարեցին դասաժամերի կրճատմամբ։ Սեպտեմբերին, վարչապետ Ն․ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» կայքում հրապարակվեց հոդված, որում Ց․ Ակոպյանը մեղադրվում էր ապօրինությունների, «պատվիրված հայրենասիրության» և նախկին «բարձրաստիճան մի պաշտոնյայի զանգով» ԲՈՒՀ-ում հայտնվելու մեջ։ Ըստ կայքի, հոդված-նամակը հեղինակել էին «Բրյուսովի համալսարանի մի խումբ ներկայացուցիչներ», թեև որևէ հեղինակի անուն նշված չէր։

Սեպտեմբերյան ցույցերի ընթացքում Ց․ Ակոպյանը, լրագրող Դավիթ Սարգսյանի հետ ձերբակալվել էին ԵՊՀ-ում անցկացվող իրազեկման ակցիայի ընթացքում։ Քննչական կոմիտեի գնահատմամբ՝ ԲՈՒՀ-ի տարածքում «բղավելով» և «ռեկտորի աշխատասենյակի դռանը հարվածելով» վերջիններս կատարել էին խուլիգանություն։ Նոյեմբերի 30-ին Ց․ Ակոպյանի դեմ հարուցվեց գործ երկու քրեական հոդվածներով՝ 2019-2022 թվականների ընթացքում անբավարար ստացած յոթ ուսանողների դրական գնահատելու և քննական հանձնաժողովի անդամի փոխարեն ստորագրելու մեղադրանքով։  Ց․ Ակոպյանը «Հայաքվե» օրինագծի նախաձեռնող խմբի անդամներից էր և հատկանշական է, որ նրա նկատմամբ քրեական գործի հարուցումը համընկավ նախագծի՝ ԱԺ-ում քննարկումների ժամանակահատվածի հետ։

Ընտրական իրավունք

Երևան քաղաքի ավագանու ընտրություններ

Երևանի ավագանու ընտրություններն իրենց ծավալով և քաղաքական կարևորությամբ երկրորդն են՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո։ Նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2018 թվականի սեպտեմբերին, որի ընթացքում Ն․ Փաշինյանի կողմից ձևավորած «Իմ քայլը» դաշինքը ստացել էր քվեների ավելի քան 81 տոկոսը։ Քաղաքապետ էր ընտրվել դերասան Հայկ Մարությանը, ով երեք տարի անց՝ 2021 թվականին, կուսակցության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով նույն դաշինքի կողմից հեռացվեց պաշտոնից։ Նախկին գործընկերների հետ ունեցած հակասություններից Հ․ Մարությանը նշել էր տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հեռախոսազանգերի միջոցով անցանկալի անձանց աշխատանքից ազատելու պահանջները, իրենց մերձավորների համար արտոնութուններ ստանալու խնդրանքները և այլն։ Նրան հաջորդեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ով իր հերթին իշխանությունը փոխանցեց նախկին փոխվարչապետ և իր տեղակալ Տիգրան Ավինյանին՝ հրաժարական ներկայացնելով 2023 թվականի մարտին։ Տ․ Ավինյանի՝ գալիք ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության թեկնածուն լինելու մասին պաշտոնապես հայտարարվել էր դրանից դեռևս մեկ տարի առաջ։

Մինչ ընտրությունները, պետական համակարգի տարբեր լծակներ աշխատել են Տ․ Ավինյանի նախընտրական դիրքերը բարելավելու ուղղությամբ։ Օրինակ՝ ընտրություններից մի քանի ամիս առաջ Կառավարությունը Երևանի քաղաքապետարանին էր տրամադրել 10 միլիարդ ՀՀ դրամի սուբսիդիա, թեև նախորդող տարիներին նման հատկացումներ չէին արվել։ Ըստ Ն․ Փաշինյանի՝ հատկացումը տրամադրվել էր նախորդ՝ 2018 թվականի նախընտրական խոստումների իրականացման նպատակով։ Մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը Տ․ Ավինյանը ներգրավվել էր իր վարկանիշը բարձրացնելուն ուղղված տարբեր միջոցառումներում, օրինակ՝ նկարահանվել խորհրդանշական «վերջին գազելը» տեսահոլովակում, որտեղ նա վարում էր հանրային տրանսպորտի հին նմուշի «վերջին» միկրոավտոբուսը։ Ընդ որում՝ Տ․ Ավինյանը միկրոավտոբուսը վարել էր առանց համապատասխան վարորդական իրավունքի։ Հին միկրոավտոբուսների փոխարինումը նույնպես եղել էր «Իմ քայլը» դաշինքի 2018 թ․ խոստումներից։

Հուլիսին «Փաստերի ստուգման հարթակ»-ի աշխատակիցը, ներկայանալով ՔՊ կուսակցության պատգամավորի օգնական, զանգահարել էր Սպիտակ համայնքի վարչական ղեկավարներին և հարցրել ընտրողների ցուցակների վերաբերյալ։ Վարչական ղեկավարներից 6-ը հայտնել էին, որ ունեն կամ ունենալու են 10-15 հոգուց բաղկացած ցուցակներ, որոնք Երևանում քվեարկելու են Տ․ Ավինյանի օգտին։

Քարոզարշավի մեկնարկից առաջ ՔՊ նախընտրական շտաբի պետ, փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը հայտնել էր, որ իրենց կուսակցությունը դրամահավաքի արդյունքում թվով 987 նվիրատուներից ստացել էր ավելի քան կես միլիարդ ՀՀ դրամ հանգանակություն։

Ընտրություններից հետո «Ինֆոքոմ» լրատվականը հետաքնութուն էր իրականացրել՝ ուսումնասիրելով դժվարությամբ ձեռք բերված նվիրատուների ցուցակը։ Ըստ ուսումնասիրության՝ նվիրատուներից շատերը կամ տեղյակ չեն եղել, որ իրենց անունից կուսակցությանը գումար է փոխանցվել, կամ այլ անձինք են իրենց տվյալներով փոխանցումը կատարել, խնդրելով «մոռանալ այդ մասին»։ Փոխանցումները կատարելուն օգնել էր «Հայեկոնոմբանկ»-ը, որը պատկանում է ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։  Հանգանակողների մեջ են եղել նաև Երևանում ռեստորանային բիզնեսի, մի շարք խոշոր ձեռնարկությունների սեփականատերեր և նույն կազմակերպությունների ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք, վարչական շրջանների ղեկավարներ, պետական պաշտոնյաներ,  և նրանց հետ  փոխկապակցված անձինք։

Նախընտրական քարոզչության ընթացքում բացահայտվել էին ՔՊ կուսակցության կողմից կազմակերպված հավաքներին վարչական և ֆինանսական միջոցներով մարդկանց ներգրավելու բազմաթիվ փաստեր։ Բլոգգեր և հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանը սեպտեմբերի 7-ին՝ Նոր Նորք վարչական շրջանում ՔՊ կուսակցության կողմից հրավիրված հավաքի վայրում շրջելով և զրուցելով մասնակցիների հետ արձանագրել էր Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող գրադարանի, մշակույթի տան, կանաչապատման կազմակերպության, սպորտդպրոցի աշխատակիցների ներգրավվածությունը։ Քարոզարշավի այլ օրերին նույնպես արձանագրվել են համայնքային հիմնարկների աշխատակիցների ներգավման դեպքեր, իսկ ՔՊ ամփոփիչ հանրահավաքին, որը գլխավորել է անձամբ Ն․ Փաշինյանը, խմբերով մասնակցել էին նաև մարզերի բազմաթիվ բնակիչներ և ուսանողներ։ Առավել ուշագրավ էր «Ականատես» դիտորդական առաքելության բացահայտումն այն մասին, որ նախընտրական քարոզչության ընթացքում ՔՊ կուսակցությունը սոցիալական ցանցերի միջոցով գումարի դիմաց երթերի մասնակիցներ է ներգրավել՝ մեկ ժամի համար առաջարկելով 1000-ական դրամ։

Առաքելության դիտորդն անձամբ արձանագրել էր նման դեպք՝ ՔՊ հանրահավաքին դրոշ պահելու համար անչափահասին 4000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ։ Թեև նկարագրված դեպքերն ամբողջությամբ համապատասխանում են հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմին՝ որևէ մեղադրանք ՔՊ կուսակցության անդամներին չի առաջադրվել, մինևդեռ նույն հոդվածով հետապնդվում են ընդդիմադիր գործիչներ, օրինակ՝ Ավետիք Չալաբյանը։

Քարոզարշավի ընթացքում միջադեպեր են գրանցվել ՔՊ կուսակության անդամների և աջակիցների մասնակցությամբ։ Իշխող կուսակցության նախընտրական երթերից մեկի ընթացքում որոշ մասնակիցներ հայհոյել և բռնություն են կիրառվել լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ։ Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել էր հարձակումը, մինչդեռ իրավապահ մարմինների կողմից որևէ արձագանք չէր եղել։ Կուսակցության աջակիցների կողմից հարձակում էր տեղի ունեցել ԱԺԲ ակտիվիստների նկատմամբ՝ երբ վերջիններս խաղաղ հավաք էին իրականացնում Մալաթիա վարչական շրջանում գտնվող ՔՊ գրասենյակի առաջ։ ԱԺԲ-ականների կողմից Ն․ Փաշինյանին ուղղված քննադատություններին ի պատասխան՝ նրա աջակիցները հայհոյել, քաշքշել էին ցուցարարներին և վնասել նրանց գույքը։

Ընտրությունների արդյունքները

2023 թվականի սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրությունների համար առաջադրվել էին 13 կուսակցություն և կուսակցությունների մեկ դաշինք։ Քվեարկության օրը լրատվամիջոցների, դիտորդների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից արձանագրվել էին ուղղորդումների, տեղամասերում կողմնակի անձանց ներկայության, քվեախցիկների կահավորման, նույնականացման սարքերի տեխնիկական վիճակի հետ կապված բազմաթիվ խնդիրներ։ Հատկանշական է, որ քվեարկությանը մասնակցել էին ընտրողների մեկ քառորդից մի փոքր ավելին՝ ընդամենը 28․46 տոկոսը, ինչը պատմական ամենացածր մասնակցության ցուցանիշն էր։

Քվեարկության արդյունքում 5 քաղաքական ուժ ստացան ավագանու մանդատներ։ ՔՊ կուսակցությունը, հավաքելով ընտրություններին մասնակցած անձանց քվեների 33 տոկոսը՝ 24 մանդատ, կորցրեց բացարձակ մեծամասնությունը։ Թվով 65 մանդատներից մնացած 14-ը ստացավ նախկին քաղաքապետ Հ․ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, 12 մանդատ՝ նախկին ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքը, 8 մանդատ՝ «Հանրապետություն» կուսակցությունը և 7 մանդատ՝ «Հանրային ձայն» կուսակցությունը։ Ընտրությունների արդյունքները մասնակցիների կողմից չվիճարկվեցին։

Արդյունքների հրապարակումից անմիջապես հետո երեք ընդդիմադիր ուժերը՝ «Ազգային առաջընթաց», «Հանրային ձայն» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը, մի շարք վերապահումներով, հայտարարեցին Հ․ Մարությանին միասին քաղաքապետ ընտրելու պատրաստակամության մասին։

Վերջիններս գումարային ունեին 33 մանդատ՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» և նրանց աջակից «Հանրապետություն» կուսակցությունների 32 մանդատի։ Ցուցակների վերջնական հաստատումից հետո Հ․ Մարությանը կոչ արեց ընդդիմադիրներին բոյկոտել նոր ձևավորված ավագանու անդրանիկ նիստը, քանի որ «Հանրային ձայն» կուսակցության ցուցակի առաջին երկու թեկնածուները չէին կարող մասնակցել նիստին՝ նրանցից մեկը գտնվում էր անազատության մեջ, իսկ երկրորդի նկատմամբ հայտարարված էր հետախուզում։

«Մայր Հայաստան» դաշինքը բոյկոտեց, սակայն, «Հանրային ձայն» կուսակցության մյուս անդամները մասնակցեցին նիստին՝ այդ կերպ ապահովելով քվորում։ Այլ թեկնածու ներկայացված չլինելու պատճառով Տ․ Ավինյանը՝ իր և «Հանրապետություն» կուսակցության 32 ձայներով ընտրվեց քաղաքապետ։

Ալավերդի համայնքի հետընտրական զարգացումները

2022 թվականին Ալավերդու ընտրություններում «Ապրելու երկիր» (ԱԵ) և «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցությունները կոալիցիա կազմելով և մեկ քվեի առավելությամբ հաղթել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Քաղաքապետ էր ընտրվել ԱԵ կուսակցությունից Արկադի Թամազյանը, սակայն, չհաշտվելով արդյունքների հետ, ՔՊ կուսակցությունը ջանքեր գործադրեց վերջինիս հեռացնելու ուղղությամբ։ Անհրաժեշտ քվեն ապահովեց ԱԵ խմբակցությունը լքած ավագանու անդամ Սիմոն Զախարովը, ով միացավ ՔՊ նախաձեռնությանը՝ ապահովելով ձայների մեծամասնություն։ Դեկտեմբերի 5-ին ՔՊ-ն Ալավերդու համայնքապետարանի շենքում անցկացրեց ավագանու նիստ, որի ընթացքում անվստահություն հայտնեց ընդդիմադիր Ա․ Թամազյանին և ընտրեց յուրային քաղաքապետի։ Նիստի ընթացքում ոստիկանության մեծաքանակ ուժերը շրջապատել էին համայնքապետարանի շենքը՝ թույլ չտալով ԱԵ-ի և ՀԱԿ-ի անդամներին մուտք գործել։

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Տեսանյութեր

Լրահոս