Բաժիններ՝

Թուրքիան Եգիպտոսին անօդաչու թռչող սարքեր կմատակարարի․ ակնկալվում է Էրդողանի այցը Կահիրե

Թուրքիան Եգիպտոսին երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակներում կմատակարարի անօդաչու թռչող սարքեր:

Ինչպես հաղորդում է A-haber կայքը, այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը:

«Մեր երկկողմ հարաբերությունները կարևոր են տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից, ինչպես նաև չափազանց կարևոր են առևտրի տեսանկյունից: Հարաբերությունների նորմալացումը կարևոր է, որպեսզի Եգիպտոսը կարողանա ստանալ որոշակի աջակցություն և տեխնոլոգիաներ»,- ընդգծել է նա։

Ֆիդանը նշել է նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հնարավոր է, փետրվարի կեսերին այցելի Եգիպտոս, որը կլինի Թուրքիայի նախագահի առաջին այցն այդ երկիր՝ 2013 թվականի հուլիսին Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումից հետո։

Անկարայի և Կահիրեի հարաբերությունները վատթարացան 2013 թվականին՝ Մուրսիի տապալումից հետո, որի հետ Թուրքիան սերտ հարաբերություններ ուներ։ Դրանից հետո երկու երկրներն էլ հետ կանչեցին իրենց դեսպաններին։

2021 թվականի մարտին այն ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց դիվանագիտական ​​մակարդակով Եգիպտոսի հետ շփումների վերականգնման մասին։

2022 թվականի նոյեմբերին Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը տեղի ունեցավ Եգիպտոսի և Թուրքիայի նախագահների կարճատև հանդիպումը, որից հետո հարաբերություններում զգալի ջերմացում նկատվեց։

2023 թվականի փետրվարի վերջին Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին այցելեց Թուրքիայի հարավում գտնվող երկրաշարժից տուժած Ադանա քաղաք։

2023 թվականի հուլիսի 4-ին երկրները լիովին վերականգնեցին դիվանագիտական ​​հարաբերությունները՝ դեսպաններ նշանակելով Անկարայում և Կահիրեում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս