
Անգլիայի ազգային բալետը մայիսին հանդես կգա Հայաստանում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության ջանքերով տարածաշրջանում առաջին անգամ հանդես կգա Անգլիայի ազգային բալետը։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն ասաց՝ ելույթները նախատեսվում են մայիսի 10, 11-ին:
Արվեստասերները Անգլիայի ազգային բալետի կատարմամբ հնարավորություն կունենան վայելելու աշխարհահռչակ «Ժիզել» բալետային ներկայացումը Ալ. Սպենդիարյանի ավան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Ավելի վաղ Անգլիայի ազգային բալետի տնօրինության հրավերով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանն այցելել էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Մանչեսթեր քաղաքում Սարգսյանը ներկա էր եղել թատրոնի «Ժիզել» բալետային ներկայացման ցուցադրությանը: Հանրաճանաչ բալետմայստեր Աքրամ Խանի բեմադրական գլուխգործոց համարվող «Ժիզել»-ի երևանյան ցուցադրությունները կազմակերպելու նպատակով թատրոնի ղեկավարության հետ քննարկվել էին հյուրախաղեր կազմակերպելու հնարավորությունները, ժամկետները, ինչպես նաև թատրոնի՝ տարածաշրջան առաջին և բացառիկ հրավերի այլ մանրամասները: