«Հայաստանը ևս Ադրբեջանի առաջ սահմանադրական փոփոխությունների հարց է բարձրացնում». Ալեն Սիմոնյան

Չեխիայի խորհրդարանի ղեկավարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք սահմանադրությունը փոխվում է Ադրբեջանի պահանջով, Ալեն Սիմոնյանը պատասխանել է, թե Սահմանադրական հանձնաժողովը ստեղծվել է շատ ավելի վաղ, քան այս խոսակցությունը եղել է։

«Հայաստանը, հիմնադրումից ի վեր, փաստաթղթերում ունեցել է դրույթներ, որոնք, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողություններն ու վերջին իրադարձությունները, պետք է փոփոխվեն։

Մենք պետք է հասկանանք՝ Հայաստանն ուր է գնում և ինչի համար է Հայաստանի գոյությունը։ Արդյո՞ք այդ գոյությունը նրա համար է, որ մենք վերականգնենք պատմական Մեծ Հայքը, Փոքր Հայքը, թե՞ դա սեպտեմբերի 21-ի Հայաստանի մասին է, երբ ստացանք անկախություն։ Դա ՀՀ քաղաքացո՞ւ մասին է, որ պետք է ունենա ապահով և ունենա բարեկեցիկ կյանք։ Մենք պետք է այս հարցերի պատասխանները տանք։ Ես կարծում եմ՝ այս հարցերի պատասխանները միանշանակ չեն հանրության մեջ, և դրա հետևանքով նաև միանշանակ չեն արտացոլված մեր օրենսդրության մեջ։

Չի կարող Հայաստանը լինել ամորֆ բան, չի կարող քաղաքացին չհասկանալ և չիմանալ, թե որտեղ է սկսվում իր հայրենիքը և վերջանում»,- ասել է նա։

Նա նաև հայտարարել է, թե Հայաստանը ևս Ադրբեջանի առաջ սահմանադրական փոփոխությունների հարց է բարձրացնում. «Ադրբեջանի սահմանադրությունում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն, և կրկնում եմ՝ յուրաքանչյուր բանակցություն, որ հայկական կողմը իրականացնում է, արվում է հայելային»։

Տեսանյութեր

Լրահոս