Ադրբեջանը շարունակելու է իր խաղաղարար և ստեղծարար ջանքերը և ՀՀ-ից ակնկալում է համարժեք քայլեր ոչ թե խոսքով, այլ գործով․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին
Հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանը Բանակի օրվա կապակցությամբ իր ելույթում ասել է, որ Ադրբեջանին առաջարկել է ստորագրել սպառազինությունների փոխադարձ վերահսկողության մեխանիզմի և չհարձակման մասին համաձայնագիր։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն արձագանքել է Հայաստանի վարչապետի հայտարարություններին․
«Հայաստանի վարչապետի հայտարարությունը նպատակ ունի շեղել ուշադրությունը խաղաղության մասին երկկողմ համաձայնագրի նախագծի և Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման գործընթացից։
Բոլորին է հայտնի, որ հենց «Հայաստանն է 30 տարի շարունակ կոպտորեն խախտել իր պարտավորությունները» միջազգային պայմանագրերի շրջանակներում, որոնցում ճանաչվում է մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, սպառազինությունների վերահսկման մեխանիզմները։
«Հայաստանն է ագրեսիա իրականացրել Ադրբեջանի դեմ, մեր տարածքների օկուպացիայի ժամանակ իր ռազմական տեխնիկայի և սպառազինության համակարգերի մեծ մասը թաքցրել է սպառազինությունների վերահսկման միջազգային մեխանիզմներից՝ ապօրինի տեղակայելով դրանք մեր երկրի տարածքում»:
Ադրբեջանն իր հերթին շարունակելու է իր խաղաղարար և ստեղծարար ջանքերը և Հայաստանից ակնկալում է համարժեք քայլեր ոչ թե խոսքով, այլ գործով»,- հայտարարել է Հաջիզադեն: