ՀՀ-ն ամեն ինչ անում է միջազգային գործընկերների հետ խաղաղություն հաստատելու համար. ԱԺ նախագահը՝ IPU գլխավոր քարտուղարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 29-ին ընդունել է Միջխորհրդարանական միության (IPU) գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
Ողջունելով հյուրին` Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Միջխորհրդարանական միությանը` տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում ներգրավվածության համար:
Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ԱԺ պատվիրակությունը մշտապես եղել է Միջխորհրդարանական միության ակտիվ անդամներից մեկը, որի պատգամավորները ներկայացված են կազմակերպության տարբեր մարմինների ղեկավար կազմերում:
Անդրադառնալով խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ Ադրբեջանի հետ վարվող բանակցություններին` ԱԺ նախագահն ընդգծել է, որ հայկական կողմը կառուցողական է տրամադրված և բաց է այն քննարկումների համար, որոնք կնպաստեն փաստաթղթի ստորագրման գործընթացին:
«Հայաստանը ժողովրդավար երկիր է, սա այլևս հաստատված փաստ է: Մենք ամեն ինչ արել և անում ենք մեր միջազգային գործընկերների հետ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»,- շեշտել է Ալեն Սիմոնյանը:
Նշվում է, որ Մարտին Չունգոնգը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը խաղաղության հաստատման բանակցություններում և նշել, որ Միջխորհրդարանական միությունն ամեն կերպ կաջակցի խաղաղության պայմանագրի կյանքի կոչմանը:
Անդրադարձ է կատարվել նաև Միջխորհրդարանական միության (IPU) երիտասարդ պատգամավորների գլոբալ ֆորումին, որն անցկացվելու է 2024 թվականին Հայաստանում: