Թենիսի կորտեր կկառուցվեն «Մայր Հայաստանի» մոտ
«Մայր Հայաստան» հուշահամալիրի հարակից ավտոկայանատեղիում կկառուցվեն թենիսի կորտեր։ Այս մասին այսօր հայտարարեցին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը տեղեկացրեց, որ նախկինում որոշվել էր այդ վայրում ֆուտբոլի դաշտ կառուցել, բայց հիմա հասկացել են, որ այն ավելի նպատակահարմար է թենիսի կորտերի համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղաքապետարանից հայտնել էին, թե թենիսի կորտերն Օղակաձև այգու տրամաբանության մեջ չեն տեղավորվում։
Քաղաքային իշխանությունները մտադիր են բոլոր սրճարանները և տարաբնույթ այլ շինությունները քանդել, որպեսզի զբոսայգին վերադարձվի երևանցուն, իսկ դրա համար Օղակաձև այգու 4-րդ հատվածը դեռ պետք է հանրային գերակա շահ ճանաչվի։