Եթե դրական ազդակներ լինեն՝ քննարկումներն այլ փուլ կտեղափոխվեն․ Կոստանյանը՝ չհարձակվելու մասին Բաքվին հղված առաջարկի մասին
Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե առաջարկվել է Ադրբեջանին միմյանց սպառազինության վերահսկման եւ չհարձակվելու վերաբերյալպայմանագիր ստորագրել, ասաց՝ դրանք քաղաքական հայտարարություններ են եղել, որոնց քաղաքական անդրադարձ չի եղել:
«Եթե լինեն համապատասխան դրական ազդակներ, բնականաբար, քննարկումներն այլ փուլ կտեղափոխվեն»,- ասաց նա:
Անդրադառնալով խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարներին, փոխնախարարն ասաց, որ հայկական կողմը շարունակում է անկեղծորեն հետաքրքրված լինել հարևանների հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ:
«Գիտեք, որ հունվարի 4-ին ուղարկել ենք հայկական կողմի համապատասխան համաձայնագրի տեքստի լրամշակված տարբերակը: Ըստ էության, սպասում ենք Ադրբեջանի պատասխանին: Երեկ հնչեցին հայտարարություններ, որ պատասխանը կլինի մի քանի շաբաթվա ընթացքում»: