Թուրքիան Թուրքմենստանում 50 մլրդ դոլարի ծրագիր է իրականացրել

Թուրքմենստանում Թուրքիայի դեսպան Ահմեդ Դեմիրոքը թուրքմենական լրատվականների հետ զրույցում անդրադարձել է թուրքական ընկերությունների կողից Թուրքմենստանում իրականացված ծրագրերին:

Նա նշել է, որ Թուրքմենստանի անկախացումից հետո երկրում սկսված վերափոխումների ընթացքում թուրքական կապալառուական ընկերությունների ներդրումները մեծ են եղել:

«Թուրքական ընկերությունները մինչ օրս Թուրքմենստանում 50 մլրդ դոլարի հասնող շուրջ 1080 ծրագիր են հաջողությամբ ավարտել»,-ասել է նա:

Բացի այդ, թուրք դիվանագետը, նշել է, որ Թուրքիան Թուրքմենստանի համար ամենախոշոր առևտրային գործընկերներից մեկն է և շարունակում է մնալ այդպիսին:

«Թուրքիան Թուրքմենստանի հետ վերջին 4 տարում առևտրաշրջանառության ծավալները 3 անգամ բազմապատկել է՝ 2022-ին այն հասցնելով 2.1 մլրդ դոլարի: Մեր համագործակցության պոտենցիալն ավելի մեծ է».-հավելել է Դեմիրոքը:

Աշխաբադում Թուրքիայի դեսպանը նաև հույս է հայտնել, որ շուտով կմեկնարկեն աշխատանքները՝ թուրքմենական բնական գազի և էլեկտրաէներգիայի արևմտյան շուկաներ արտահանելու ուղղությամբ:

«Թուրքիան Տրանսանատոլիական (TANAP) գազատարով իր գազն արդեն հասցնում է Եվրոպա: Թուրքմենստանը առկա և կառուցվող էներգիայի փոխակերպման կայաններով ոչ միայն բնական գազի, այլև էլեկտրաէներգիայի արտահանման տեսանկյունից կարևոր դիրքերում է»,-եզրափակել է թուրք դեսպանը:

Տեսանյութեր

Լրահոս