Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը քվեարկությամբ որոշել է չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Եվ այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և այդ ընթացքում կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նա նշել է. «Րոպեներ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները:

Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից և այդ ընթացքում կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։

Ընդունված բանաձևում Վեհաժողովը վկայակոչում է 2023թ․ հունիսին ընդունած «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը, որում Վեհաժողովը հաստատել է Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ երթևեկության բացակայությունը՝ ցնցվելով այն փաստից, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի ճանաչել շուրջ տասը ամիս ձգված իրավիճակից բխող լուրջ հումանիտար և մարդու իրավունքների հետևանքները: Վեհաժողովը խորը ափսոսանք է հայտնում, որ փաստահավաք առաքելության շրջանակներում Լաչինի միջանցքի հարցով ԵԽԽՎ զեկուցողը հնարավորություն չի ունեցել մեկնել Լաչինի միջանցք։

Վեհաժողովը հիշատակում է նաև 2023թ. հոկտեմբերին ընդունած «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը, որով ԵԽԽՎ-ն դատապարտել է 2023թ․ սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունները, ինչը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության փախուստին Հայաստան՝ հարուցելով էթնիկ զտումների կասկածներ։ Հենց այս բանաձևում էր Վեհաժողովն ընդգծել, որ Ադրբեջանի՝ իր կանոնադրական պարտավորությունների չկատարման մասով իրավիճակի փոփոխության բացակայության դեպքում հունվարին չի վավերացնի ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։

Խորհրդարանական վեհաժողովը նշում է, որ Եվրոպայի խորհրդին միանալուց ավելի քան 20 տարի անց Ադրբեջանը չի կատարել կազմակերպության անդամակցությունից բխող հիմնական պարտավորությունները: Լուրջ մտահոգություններ կան Ադրբեջանում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու կարողության, իշխանությունների բաժանման, գործադիրի համեմատ օրենսդիր իշխանության թուլության, դատական իշխանության անկախության և մարդու իրավունքների պաշտպանության առնչությամբ։

Վեհաժողովը խիստ ափսոսում է, որ չի հրավիրվել հետևելու գալիք նախագահական ընտրություններին՝ չնայած Ադրբեջանն ունի հրավերը ուղարկելու պարտավորություն՝ որպես մոնիտորինգի ենթակա երկիր։ Վեհաժողովը մտահոգված է նաև, որ Մոնիտորինգային կոմիտեի համազեկուցողներին թույլ չի տրվել հանդիպել քաղաքական դրդապատճառներով մեղադրվող կամ ձերբակալված անձանց հետ»։

Տեսանյութեր

Լրահոս