ԵՄ-ն հավանություն է տվել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների երկարաձգմանը. «ՌԻԱ Նովոստի»
Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչները հունվարի 24-ի նիստում որոշում են կայացրել ևս վեց ամսով (մինչև 2024 թ. հուլիսի վերջը) երկարաձգել Ռուսաստանի դեմ դեռ 2014 թ.-ից սահմանված տնտեսական պատժամիջոցները, որոնք այդ ժամանակվանից քանիցս ընդլայնվել են: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իր եվրոպական աղբյուրին։
«Այո՛, այս կետը հաստատվել է»,- ասել է նա։
Ինչպես հետևում է նիստի օրակարգից, պատժամիջոցների երկարաձգման մասին կետը, որը հնչում է որպես «ԵՄ խորհրդի որոշում Ուկրաինայում իրադրությունն ապակայունացնող Ռուսաստանի գործողությունների հետ կապված սահմանափակող միջոցառումների մասին», համարվել է նախնական քննարկումներ չպահանջող կետ և հաստատվել է ավտոմատ կերպով։
Վերջին անգամ նման պատժամիջոցները վեց ամսով` մինչև 2024 թ. հունվարի 31-ը, երկարաձգվել են անցյալ տարվա հուլիսի վերջին։
Արևմուտքն ուժեղացրել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ճնշումը Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդի գների բարձրացմանը Եվրոպայում և ԱՄՆ-ում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել համաշխարհային տնտեսությանը։