Բաժիններ՝

Իրանի և Պակիստանի դեսպաններն իրենց պարտականությունների կատարմանը կվերադառնան հունվարի 26-ին

Իսլամաբադում Իրանի դեսպանը, ինչպես նաև Թեհրանում Պակիստանի դեսպանն իրենց պարտականությունների կատարմանը կվերադառնան հունվարի 26-ից։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասված է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ հայտարարության մեջ։

«Պակիստանի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցի արդյունքներով համաձայնություն է ձեռք բերվել, որ երկու երկրների դեսպանները կարող են վերադառնալ իրենց պաշտոններին 2024 թվականի հունվարի 26-ին», – նշված է Պակիստանի ԱԳՆ կայքում հրապարակված տեքստում։

Բացի այդ, հայտարարության համաձայն` «արտաքին գործերի նախարար Ջալիլ Աբաս Ջիլանիի հրավերով Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը 2024 թվականի հունվարի 29-ին այց կկատարի Պակիստան»։

Հունվարի 16-ին Իրանը հարվածներ էր հասցրել Պակիստանի տարածքին՝ նշելով, որ թիրախավորել է «Ջաիշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորման երկու հենակետ։ Պակիստանը հայտնել էր, որ այդ հարվածների հետևանքով 2 երեխա է զոհվել, և Իրանին նախազգուշացրել էր հնարավոր հետևանքների մասին։

Իսկ հունվարի 18-ին Պակիստանն էր հարվածել Իրանի Սիստան և Բելուջիստանի նահանգին՝ դա պատճառաբանելով նրանով, որ թիրախավորում է անջատողական զինյալների թաքստոցները։ Այս հարվածների հետևանքով զոհվել էր 10 մարդ, այդ թվում՝ 4 երեխա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս