Դեսանտիսը հրաժարվել է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից՝ իր աջակցությունը հայտնելով Թրամփին

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը, որը Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարում էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտարարել է ընտրարշավն ավարտելու մասին։ Այս մասին Դեսանտիսը հայտարարել է X սոցիալական հարթակում հրապարակված տեսանյութում։

Ռոն Դեսանտիսը նաև իր աջակցությունն է հայտնել Դոնալդ Թրամփին։ Նահանգապետն անցյալ շաբաթ Այովա նահանգում տեղի ունեցած ներկուսակցական ընտրություններում գրավել էր երկրորդ տեղը՝ մեծ տարբերությամբ զիջելով Թրամփին։

Դեսանտիսը տեսանյութում ասում է, որ չնայած որոշ հարցերում համաձայն չի եղել Դոնալդ Թրամփի հետ, այնուամենայնիվ, «նա գերազանցում է ներկայիս նախագահ Ջո Բայդենին»։

Այսպիսով, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին ընտրություններում առաջադրվելու համար Թրամփի դեմ պայքարող միակ թեկնածուն է մնում:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան 2024 թ․ նոյեմբերի 5-ին։

Տեսանյութեր

Լրահոս