Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են բարբաջել «խաղաղության օրակարգի» մասին․ Արման Աբովյան

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանական իշխանամետ մամուլում այսօրվանից ակտիվորեն տարածվում են սուտ տեղեկություններ, թե իբր իրանական սահմանով Հայաստան զենք է մատակարարվում։

Ինչ-որ անհասկանալի տեսանյութեր ու լուսանկարներ են հրապարակվում, որոնք իբր վկայում են իրանցիների կողմից Հայաստան զենք տեղափոխելու մասին։ Իհարկե, սա պարզունակ տեղեկատվական  «լցոնումներ» են թուրք-ադրբեջանական քարոզիչների կողմից, բայց հարց է առաջանում։ Ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանցիների հերթական ապատեղեկատվական արշավը և ինչո՞ւ հենց հիմա: Ամեն ինչ պարզ է, Ադրբեջանը սկսել է տեղեկատվական ֆոն պատրաստել Սյունիքում ռազմական սադրանքների համար։

Հիշենք քոչվոր թյուրքալեզու ցեղերի առաջնորդ Ալիևի ընդամենը երկու հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է հայկական Սյունիքով «Զանգեզուրի միջանցքը» գործարկելու համար (այսինքն՝ Հայաստանի հարավի օկուպացիան) և որ «Ադրբեջանը թույլ չի տա, որ հայերը զինվեն»։

Երկրորդ պատճառն այն է, որ Իրանի շուրջ իրավիճակը սրընթաց թեժանում է, և հակա-իրանական կոալիցիայի համար լոկալ/գլոբալ ռազմական գործողությունների/սահմանային ընդհարումների մեջ

Իրանին ներգրավելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը թուրք-ադրբեջանական տանդեմի ներխուժումն Է Սյունիք։

Ադրբեջանական բանակի նախապատրաստումը` նոր ռազմական էսկալացիայի, ընթանում է ամբողջ թափով։

Այսպես, Ադրբեջանն ավելացրել է սպառազինությունների և մարտական ԱԹՍ-ների գնումները Իսրայելից և մի շարք եվրոպական երկրներից (մասնավորապես, տեղեկություններ են հայտնվել Սերբիայից ինքնագնաց հրետանի համակարգերի մատակարարումների մասին)։ Մշտական զորավարժություններ են անցկացվում հայկական Սյունիքին հարող սահմանների մոտ։

Իսկ ֆրանսիական հեղինակավոր «Ֆիգարո» թերթի հաղորդագրությամբ միայն վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանը Նախիջևան է տեղափոխել շուրջ 700 տոննա սպառազինություն:

Անշուշտ, թուրք-ադրբեջանական տանդեմը կմեծացնի ռազմական ճնշումը Հայաստանի վրա՝ փորձելով հնարավորինս արդյունավետ շանտաժի ենթարկել հայ հասարակությանը ( հենց հասարակությանը) պատերազմով։

Անշուշտ տրամաբանական հարց է առաջանում, իսկ ինչո՞վ է պատասխանում Հայաստանը, ավելի ճիշտ՝ Հայաստանի իշխանությունները։

Ըստ էության, ոչնչով, բացի բացարձակ աննորմալ, իրականությունից կտրված և երբեմն «ծիծաղելի» խաղաղասեր  հայտարարությունները, որոնք, ըստ էության, խթանում են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները։

Ըստ էության, ունենք մի իրավիճակ, երբ ալիևյան ֆաշիստական վարչակազմի հակահայկական գործողություններն ու ծրագրերը սնվում են հենց թավշյա իշխանությունների անադեկվատ արձագանքներից։

Դատեք ինքներդ, Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են բարբաջել «խաղաղության օրակարգի» մասին։

Ադրբեջանը հավակնություններ է ներկայացնում Հայաստանի ողջ տարածքի նկատմամբ, իսկ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Ալիևի ագրեսիվ հռետորաբանությունն անվանում են «հայելային պատասխան» Հայաստանի գոյություն չունեցող հավակնություններին Ադրբեջանի նկատմամբ:

Կարելի՞ էր կանգնեցնել Ադրբեջանին.

Հնարավո՞ր էր ստեղծել անվտանգության արդյունավետ կոնֆիգուրացիա 2020 թվականից հետո.

Կարելի՞ էր խուսափել Ադրբեջանի կողմից նոր էսկալացիաներից և ռազմական  շանտաժից.

Իհարկե` այո, բայց ոչ ողջախոհությունն ու ինքնապահպանման զգացումը կորցրած իշխանությամբ։

Վերջ»։

Տեսանյութեր

Լրահոս