Բաժիններ՝

Ռուսաստանը 5-8 տարուց կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա․ Գերմանիայի պաշտպանության նախարար

Մենք գրեթե ամեն օր սպառնալիքներ ենք լսում Կրեմլից՝ վերջին շրջանում կրկին Բալթյան երկրների մեր ընկերների հասցեին, ուստի պետք է հաշվի առնել, որ Վլադիմիր Պուտինը մի օր կարող է նույնիսկ հարձակվել ՆԱՏՕ-ի երկրներից մեկի վրա։ Այս մասին «Tagesspiegel» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

«Մեր փորձագետները ենթադրում են, որ դա հնարավոր կլինի հինգից ութ տարվա ընթացքում»,- ասել է նա՝ նշելով, որ չի հավատում, որ այժմ հարձակման հավանականություն կա, հաղորդում է «Bild»-ը։

Նախարարը կոչ է արել նախօրոք դիմել նախազգուշական քայլերի՝ մասնավորապես պաշտպանական արդյունաբերությունը հզորացնելու ուղղությամբ։ Նա արդեն առաջ է քաշել պարտադիր զինվորական ծառայության ներդրման գաղափարը և պատրաստվում է մինչև ապրիլ նման առաջարկություն ներկայացնել կառավարության հաստատմանը։

Պիստորիուսն ասել է, որ պատրաստ է գերմանական անձնագիր չունեցողների համար հասանելի դարձնել ծառայությունը զինված ուժերում։ «Մենք առաջինը չենք լինի Եվրոպայում, որ կանի դա»,- ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարը՝ հավելելով՝ պետք է արագ ուժեղացնեն երկրի պաշտպանական կարողությունները՝ հաշվի առնելով «սպառնալիքի լրջությունը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս