Credit Suisse-ի հետ վեճի որոշումը` ի վնաս Իվանիշվիլիի
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ, նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին շվեյցարական Credit Suisse բանկի հետ վեճում պարտվել է։ Այդ մասին, ըստ aliq.ge-ի՝ հայտնում է Bloomberg ֆինանսական համակարգը։
Ըստ Bloomberg-ի՝ մեկուկես տարի անց Ժնևի գլխավոր ֆինանսական դատախազ Իվ Բերտոսան կողմերին ասել է, որ իր հետաքննությունը փողերի լվացման որևէ ապացույց չի հայտնաբերել։ Bloomberg-ը գրել է, որ շվեյցարական խոշորագույն բանկը՝ UBS-ը, փողերի լվացման հետ կապված վեճը ժառանգել է Credit Suisse-ից։ Credit Suisse-ը՝ երկրի երկրորդ խոշոր բանկը, որը սնանկացման եզրին էր, UBS-ը գնել է 2023-ի մարտին։
Bloomberg-ը նաև մեջբերել է Իվանիշվիլիի պաշտպանի խոսքը, ըստ որի` Վրաստանի նախկին վարչապետը մտադիր է բողոքարկել գործը փակելու որոշումը. «Մենք կտրականապես համամիտ չենք այն պատճառաբանությանը, որն անտեսում է այն ապացույցները, որոնք ցույց են տալիս հաճախորդների հետ հարաբերությունների մենեջերի պատրաստակամությունը թաքցնելու և լվանալու իր խարդախության հասույթը»:
- 2023-ի փետրվարին Bloomberg-ը հայտնել էր, որ Credit Suisse Group AG-ն միլիարդատեր գործարար Իվանիշվիլիին վճարել է 210 միլիոն դոլար՝ երկարատև դատական գործընթացի շրջանակներում։
- Անցյալ տարվա մարտին The Financial Times-ը հայտնել էր, որ Իվանիշվիլին շահել է շվեյցարական Credit Suisse բանկի դեմ դատը և դրանից ավելի քան 500 մլն դոլար ստացել: Որոշումն այնուհետև կայացրել է Բերմուդյան դատարանը:
- Անցյալ տարվա սեպտեմբերին Իվանիշվիլին Սինգապուրի դատարանում պնդել է, որ Credit Suisse-ը քայլեր չի ձեռնարկել իրեն պատկանող 1,27 միլիարդ դոլարի կորուստը կանխելու համար։
- Իվանիշվիլին Սինգապուրում Credit Suisse-ին մեղադրել է իր ներդրումները պաշտպանելու և Ժնևի բանկիր Պատրիս Լեկոդրոնի խարդախության հետ կապված կորուստներից պաշտպանելու համար իրեն «համապատասխան միջոցներ ձեռնարկելու» հարցում:
- Credit Suisse-ի վստահության բաժինը հայտարարել է, որ Իվանիշվիլիի խնդրանքը չափազանցված է, և դատարանին խնդրել է մերժել այն։
- Բիձինա Իվանիշվիլին մի քանի իրավական վեճեր ունի Credit Suisse-ի հետ։ Մեկը վերաբերում է շվեյցարական բանկի ստեղծած Green Vals Trust-ի գործունեության ընդհատմանը, որի պատճառով Իվանիշվիլին ֆինանսական վնաս է կրել։
- Նրա վեճը շվեյցարական բանկի հետ սկսվել է 2011 թվականին, երբ ինքը հաճախորդ էր մասնավոր բանկային հատվածում։ Այս ընթացքում տարածվել են դեպքի մանրամասները, ըստ որոնց՝ ավելի քան տասը տարի բանկի աշխատակից Պատրիս Լեկոդրոնը գումար է գողացել շվեյցարական բանկի ամենագաղտնի հաշիվներից, որոնց թվում են եղել Իվանիշվիլիի և ռուս օլիգարխ Վիտալի Մալկիի հաշիվները։ Շվեյցարական Finma կարգավորող ընկերության զեկույցի համաձայն, Credit Suisse-ը չի կարողացել միջոցներ ձեռնարկել հարյուրավոր կասկածելի գործարքների բազմաթիվ նախազգուշացումներից ու ապացույցներից և չորս պաշտոնական կարգապահական վերանայումից հետո:
- Credit Suisse-ի հետ Իվանիշվիլիի դիմակայության հաջորդ փուլը սկսվել է Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո։ Հաղորդվել է, որ բանկը սառեցրել է գործարարին պատկանող 2,7 մլրդ ֆունտ ստերլինգ հաշիվը՝ պատճառաբանելով, որ միջոցները կարող են ռուսական ծագում ունենալ։