Իրանի ԱԳ նախարարը շեշտել է Կովկասում ընթացող զարգացումներում աշխարհաքաղաքական փոփոխությունների անթույլատրելիությունը

Հայաստանը կարևոր և հատուկ տեղ է զբաղեցնում Իրանի՝ հարևան երկրների հետ ունեցած քաղաքականության մեջ։ Այս մասին շեշտել է Իրանի արտաքին գործերի նախարար դոկտոր Ամիր Աբդոլլահիանը Դավոսի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը։

Հիշատակելով երկու ժողովուրդների միջև առկա սերտ հարաբերությունները՝ Ամիր Աբդոլլահիանը նշել է․

«Մեր գնահատականն այն է, որ երկու երկրների հարաբերություններն առաջընթաց են ապրում, և այդ հարաբերությունների ամրապնդումն ապահովում է երկու ժողովուրդների շահերը»,- Իրանի ԱԳ նախարարի խոսքերն է մեջբերված ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը կարևոր է համարել կայունության և անվտանգության պահպանումը Կովկասի տարածաշրջանում և ընդգծել․

«Մենք միշտ աջակցել ենք Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցություններին և գտնում ենք, որ տարածաշրջանում կայունության պետք է հասնենք տարածաշրջանային լուծումների միջոցով»։

Նա հատկապես շեշտել է Կովկասում ընթացող զարգացումներում հաղորդակցային պատմական ուղիների պահպանման կարևորությունը և աշխարհաքաղաքական փոփոխությունների անթույլատրելիությունը։

Դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ամիր Աբդոլլահիանն, անդրադառնալով հեղափոխության գերագույն առաջնորդի կողմից Հայաստանին տրված լավ հարևան կոչումին, նշել է․

«Մենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում որևէ սահմանափակում չունենք»։

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, հայտնելով իր գոհունակությունը երկու երկրների բարեկամական և կառուցողական հարաբերությունների նկատմամբ, ընդգծել է երկու ժողովուրդների պատմական կապերը և բարեկամական հարաբերությունների ու երկկողմ համագործակցության ընդլայնման գործում դրանց ազդեցությունը և դրական դերը։ Նա հատկապես նշել է․ «Այս բարեկամությունը պետք է փոխանցվի երկու երկրների ապագա սերունդներին»։

Հայաստանի նախագահը կոչ է արել ամրապնդել երկու երկրների մասնավոր հատվածների և ընկերությունների միջև համագործակցությունը։ Նա նաև կարևոր է համարել փոխադրումների ու տարանցման ոլորտում երկու երկրների համագործակցության ամրապնդումը։

Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել Իրանի աջակցությունը Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործընթացին։

Տեսանյութեր

Լրահոս