
Ադրբեջանի բարձրագույն քաղաքական ղեկավարության վերջին հայտարարությունները կարող են լրջորեն խաթարել խաղաղության հաստատման գործընթացը․ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հունվարի 17-ին կայացել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության ֆեյսբուքյան պաշտոնական էջից։
Քաղաքական հարցերի քննարկման ժամանակ ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը Նախարարների կոմիտեին ներկայացրել է Ադրբեջանի բարձրագույն քաղաքական ղեկավարության վերջին հայտարարությունները՝ ընդգծելով, որ դրանք կարող են լրջորեն խաթարել խաղաղության հաստատման գործընթացը։
Դեսպան Խաչատրյանը նշել է, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, ձեռքբերված պայմանավորվածություններից հրաժարվելը և Հայաստանի նկատմամբ նոր պահանջների առաջադրումը չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։ Դեսպանը կոչ է արել Նախարարների կոմիտեին լինել հետևողական և ձեռնարկել հստակ քայլեր՝ տարածաշրջանում իրավիճակի հետագա վատթարացումից Ադրբեջանին զսպելու համար։
Ելույթում դեսպան Խաչատրյանն անդրադարձել է նաև ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցի արդյունքներով հրապարակած մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ զեկույցին։ Այս առիթով դեսպանն ընդգծել է, որ հանձնակատար Միյատովիչի արձանագրումները հստակ բացահայտում են Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանման հանգամանքների վերաբերյալ Ադրբեջանի անհիմն պնդումները։
Դեսպան Խաչատրյանն ելույթն եզրափակել է՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը նախկինում համաձայնեցված սկզբունքների հիման վրա տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման գործընթացին։