ԵՄ խորհուրդը կընդլայնի քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում
ԵՄ խորհուրդը որոշում է կայացրել մեծացնել Հայաստանում իր քաղաքացիական դիտորդական առաքելությունը։
X-ի իր միկրոբլոգում այս մասին հայտնել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մամուլի ծառայությունը։
«Մենք ողջունում ենք Հայաստանում քաղաքացիական դիտորդական առաքելությունն ընդլայնելու ԵՄ Խորհրդի որոշումը: Առաքելության անձնակազմի ավելացումն ընդգծում է ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը»,- ասված է գրառման մեջ:
ԵՄ կայքում հրապարակված որոշման մեջ նշվում է, որ 2023 թվականի հունվարի 23-ից մինչև 2025 թվականի փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածում առաքելության հետ կապված ծախսերը հոգալու համար նախատեսված հիմնական ֆինանսական գումարը կկազմի 39 միլիոն 35 հազար եվրո։
Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերին ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն Հայաստանում իր քաղաքացիական դիտորդական առաքելության թիվը 138-ից կհասցվի 209-ի։