Արաբական պետությունների լիգան արտահերթ նիստ կանցկացնի Իրաքյան Քուրդիստանին Իրանի հարվածների պատճառով
Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) արտակարգ նիստ կանցկացնի՝ կապված Իրաքյան Քուրդիստանի վրա Իրանի հարձակման հետ, որի հետևանքով չորս մարդ է զոհվել։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Իրաքի արտաքին գործերի նախարարությունը։
«Արաբական պետությունների լիգան քվեարկության կդնի որոշման նախագիծ, որը կդատապարտի Իրանի ագրեսիան Իրաքի դեմ՝ ի աջակցություն Իրաքի դիրքորոշման և նրա անվտանգությունն ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտության», – ասված է Իրաքի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթն ավելի վաղ հայտարարել էր, որ կազմակերպությունը կաջակցի Իրաքի կառավարությանը՝ դատապարտելով ցանկացած քայլ, որն ուղղված կլինի այդ երկրի ինքնիշխանության դեմ։
Հունվարի 15-ին Իրանը հայտնել էր, որ հարվածներ է հասցրել Իրաքյան Քուրդիստանում Իսրայելի հետախուզության՝ «Մոսադ»-ի շտաբին՝ դա պատճառաբանելով հակաահաբեկչական խմբերի և ցանցերի դեմ գործողություններով։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել էր, որ հարվածներ է հասցրել նաև «լրտեսական մի շարք կենտրոնների և հակաիրանական ահաբեկչական խմբերի հավաքատեղիների տարածաշրջանի տարբեր մասերում, այդ թվում՝ Սիրիայում»։