Տիրան Խաչատրյանը նախազգուշական կրակոց է արձակել օդ՝ չեզոքացնելու իր կյանքի և առողջության նկատմամբ վտանգը. փաստաբան. «Փաստինֆո»

Դեպքն ինքնին քաղաքական չէր, այդուհանդերձ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքի կիրառումը, հիմքերի նման բացակայության պայմաններում, կարելի է մեկնաբանել այնպես, որ Տիրան Խաչատրյանի նկատմամբ առկա է «հատուկ» խիստ վերաբերմունք։ Այս դեպքում կալանքն ունի առավելապես պատժողական բնույթ, այլ ոչ թե` կոչված է ապահովելու վարույթի անխոչընդոտ ընթացքը և այլն: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Վարազդատ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ի ուշ երեկոյան Արամուս գյուղում գործող հացատանը տեղի ունեցած զենքի գործադրմամբ միջադեպի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում, ի սկզբանե, ձերբակալվել էր 5 անձանց, սակայն նրանցից մեկին նախաքննական մարմինն ավելի ուշ ազատեց արգելանքից ու քրեական հետապնդում հարուցեց միայն 4-ի նկատմամբ, որոնցից միայն երկուսի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն ներկայացվեց, որոնց թվում է Տիրան Խաչատրյանը։ Մյուս երկու մեղադրյալների նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը և նրանք ազատ են արձակվել։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ արդեն ստացել են Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը, որի հիմքում դատարանը երկու հիմք է մատնանշել` փախուստի և խոչընդոտելու հավանականությունը, որոնք երկուսն էլ, փաստաբանի դիտարկմամբ, բացակայում են:

Վերջինիս փոխանցմամբ՝ նշված երկու հիմքերին էլ պաշտպանության կողմը դատարանում անդրադարձել է, թեև ենթադրելի էր, որ փախուստի հավանականության մասով անդրադառնալու կարիք էլ իրականում չկար` հաշվի առնելով Խաչատրյանի անձը և իր անցած ուղին, նույնը նաև` խոչընդոտման հավանականության վերաբերյալ, որը վարույթն իրականացնող մարմնի կողմից որևէ կերպ չի հիմնավորվել, հակառակը, կան փաստական տվյալներ, որ Տիրան Խաչատրյանը շատ ակտիվորեն համագործակցում է վարույթն իրականացնող մարմնի հետ, չի խուսափում վարութային որևէ գործողությունից, ակտիվորեն մասնակցում է, ցուցմունք տալիս, մասնակցում բոլոր անհրաժեշտ փորձաքննություններին, նմուշառումներին:

Ինչ վերաբերում է փախուստի հիմքին, ապա վարույթն իրականացնող մարմինը փորձել է այն հիմնավորել այն հանգամանքով, որ Տիրան Խաչատրյանին հայտնաբերել են հյուրանոցում, մինչդեռ, դա, փաստաբանի գնահատմամբ, հերքվում է այն հանգամանքով, որ Տիրան Խաչատրյանը նախապես արդեն իրեն` փաստաբանին, հրավիրել էր այնտեղ` միասին ոստիկանության բաժին ներկայանալու, քանի որ կարիք է ունեցել իրավաբանական խորհրդատվություն ստանալու և փաստաբանի ուղեկցությամբ ներկայանալու համար: Դատական ակտի դեմ պաշտպանը բողոք կներկայացնի:

Փաստաբանի տեղեկացրեց, որ Տիրան Խաչատրյանը ենթարկվել է նաեւ դատաբժշկական փորձաքննության` վնասվածքների վերաբերյալ, բացի այդ, ենթարկվել է նաև թեստի, որով ալկոհոլի պարունակություն չի հայտնաբերվել: Անդրադառնալով մեղադրանքին` փաստաբանը հայտնեց, որ Տիրան Խաչատրյանը մեղադրանքը չի ընդունում:

«Զենքի գործադրումը եղել է բացառապես ինքնապաշտպանական բնույթի, կարելի է ասել` հաստատված է այն հանգամանքը, որ Տիրան Խաչատրյանը նախազգուշական կրակոց է արձակել օդ, որպեսզի չեզոքացնի իր կյանքի և առողջության նկատմամբ վտանգը»,- նշեց փաստաբանը` հավելելով, որ զենքը եղել է պարգևատրված: Տուժած քաղաքացին վիճաբանության մասնակից չի եղել, պատահականության արդյունքում է վիրավորում ստացել, թեթև մարմնական վնասվածք է, այդ հատկանիշներով մեղադրանք չկա առաջադրված Խաչատրյանին։ Ավելին, փաստաբանը կասկածելի է գնահատում` արձակված գնդակի և մարմնական վնասվածքի ուղիղ պատճառահետևանքային կապը: Ինչ վերաբերում է վեճի մյուս կողմին, ապա նրանց նկատմամբ հետապնդում չի իրականացվում Խաչատրյանին մարմնական վնասվածք հասցնելու դրվագով, այդ հատկանիշներով հետապնդում հարուցելու հարցը կարող է որոշվել միայն եզրակացությունից հետո:

Վիճաբանության առիթի և հանգամանքների շուրջ մանրամասներ հայտնելուց փաստաբանը զերծ մնաց` նախաքննությանը չվնասելու նպատակով, միայն նշեց, որ առիթը քաղաքական չի եղել:

Վարազդատ Հարությունյանը մտահոգիչ է համարում իշխանամերձ կայքերի կողմից Տիրան Խաչատրյանի ձերբակալման կադրերի օպերատիվ, ինչպես նաև` տարբեր կեղծ և հերյուրանք պարունակող հրապարակումները: Ըստ փաստաբանի` տեսնում են, որ առիթը օգտագործելով Տիրան Խաչատրյանի նկատմամբ հակաքորզչական արշավ սկսելու, կալանքով պատժելու շարժառիթներ և հուսով է, որ այդ մտահոգությունները և կասկածները կչեզոքացվեն, նախաքննությունը կգնա կառուցողական, պատժողական տարրերից զերծ և օբյեկտիվ իրականությունը բացահայտելու շարժառիթներով:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս