
Երևանում ավտոբուսի 67-ամյա վարորդը հանկարծամահ է եղել. Shamshyan.com

Ավտոբուսի 67-ամյա վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայում, հանկարծամահ է եղել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 14-ին, ահազանգը ներքին գործերի նախարարությունում ստացվել է ժամը 08։00-ի սահմաններում։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 67–ամյա Վարուժան Ա.–ն է, որն աշխատում էր «Աթենք» ՍՊԸ–ում որպես վարորդ։
«Նշված ՍՊԸ-ին պատկանող ծառայողական ավտոբուսով Կոմիտաս 22 հասցեում վարորդը կանգառ է արել, որպեսզի ուղևոր վերցնի, ու այդ ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է։ Քաղաքացիները ահազանգել են շտապօգնություն, և ժամանած բժիշկների խումբը արձանագրել է վարորդի մահը»,– գրում է կայքը։
Դեպքի առնչությամբ ՔԿ–ում քրեական վարույթ է նախաձեռնվել, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։