Նաթանյահու. Եգիպտոսի և Գազայի միջև սահմանը պետք է փակվի
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն շաբաթ օրը հայտարարել է, որ Եգիպտոսի և Գազայի միջև սահմանը պետք է փակվի, հայտնում է CNN-ը։
Մամուլի ճեպազրույցի ժամանակ Նաթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի համարի պատերազմն ավարտված, քանի դեռ չի փակել, այսպես կոչված, «Ֆիլադելֆիայի միջանցքը»՝ 14 կիլոմետրանոց ցամաքային գոտին, որը բուֆերային գոտի է ծառայում Եգիպտոսի և Գազայի սահմանին:
«Մենք կոչնչացնենք ՀԱՄԱՍ-ը, կապառազմականացնենք Գազան, բայց ռազմական տեխնիկան և այլ մահաբեր զենքերը կշարունակեն գալ հարավային այս անցումը, ուստի, անկասկած, մենք պետք է փակենք այն», – ասել է Նաթանյահուն:
Եգիպտոսն ավելի վաղ նախազգուշացրել էր Իսրայելին միջանցքում ռազմական գործողություններից ձեռնպահ մնալու մասին, հայտնում է եգիպտական Ahram Online պորտալը։ Գործակալությունը, վկայակոչելով անանուն աղբյուրի, հոկտեմբերին հայտնել էր, որ Իսրայելի ցանկացած ներխուժում Ֆիլադելֆիայի միջանցք կհամարվի 1979 թվականին եգիպտա-իսրայելական խաղաղության պայմանագրի խախտում:
Եգիպտոսի արտգործնախարարության խոսնակ Ահմեդ Աբու Զեյդը շաբաթ օրը եգիպտական Sada Al-Balad հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է․ «Եգիպտոսը լիովին վերահսկում է իր սահմանները որ այդ հարցերը կարգավորվում են ներգրավված երկրների միջև իրավական և անվտանգության համաձայնագրերով, ուստի այս հարցի վերաբերյալ ցանկացած խոսակցություն, որպես կանոն, ենթակա է մանրակրկիտ ուսումնասիրության և դրան արձագանք է տրվում հայտարարված դիրքորոշմամբ»։
Գազան երկու կողմից սահմանակից է Իսրայելին, և նրա Միջերկրական ծովի ափն ու օդային տարածքը նույնպես գտնվում են Իսրայելի խիստ շրջափակման տակ: Եգիպտական Ռաֆահը միակ սահմանային անցակետն է, որը չի վերահսկվում Իսրայելի կողմից, թեև մուտքը նախկինի պես սահմանափակ է: