ՀՀ-ում Իսրայելի դեսպանը իշխանություններին կոչ է անում հաստատակամ լինել նեոնացիզմի դրսևորումների դեմ

Հայաստանում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Ջոել Լիոնին օրերս իր թվիթերյան միկրոբլոգի էջում անդրադարձել էր Երևանի կենտրոնում գտնվող Գարեգին Նժդեհի արձանի մոտ կազմակերպված աղմկահարույց ակցիային։

Նա մասնավորապես գրել է, որ խորապես անհանգստացած է Երևանում 1.1.2024-ին կազմակերպված քայլերթից, որի ընթացքում օգտագործվել է «Sieg Heil» նացիստական վանկարկումը։

Դեսպանը նշել է.

«Նացիստների հետ համագործակցող Գարեգին Նժդեհին հերոսացնելն անընդունելի է։ ՀՀ իշխանությունները պետք է հաստատակամ դիրքորոշում ցուցաբերեն նեոնացիզմի և հակասեմականության ցանկացած ձևի դեմ»։

Հիշեցնենք, որ 168.am-ը ավելի վաղ՝ հունվարի 4-ին, մեջբերել էր այս ակցիայի մասին

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը։

Աբրահամյանը գրել էր, որ Գարեգին Նժդեհի ծննդյան օրը` հունվարի 1-ին, նրա արձանի դիմաց տարօրինակ ու անչափ վտանգավոր իրադարձություն տեղի ունեցավ, որը հայաստանյան դաշտում որոշակի քննարկումներից հետո մարվեց, խոսքն այդ օրը տեղի ունեցած «միջոցառման» մասին է, որտեղ մի խումբ անձինք, ֆաշիստական սիմվոլիկայով փաթեթավորված ակցիա իրականացրեցին:

«Այդ ակցիայից հետո ադրբեջանա-թուրքական քարոզչությունը նաև այդ ուղղությամբ ակտիվացավ` փորձելով վերակենդանացնել Նժդեհին վերագրվող ֆաշիստական գաղափարները, որը բազմիցս քաղաքական-գիտական առումով պարզաբանվել է և հերքվել է: Կրկնում եմ` ես տեղյակ չեմ ակցիայի նախաձեռնողներից, առավել ևս` իրական դրդապատճառներից և նպատակներից, բայց որ այս ամենում խնդրահարույց հարցեր և սպառնալիքներ կան` ակնհայտ է:

Նժդեհը հայ ազգի արժանավոր զավակն է, մեծ հայրենասեր, ով իր ողջ կյանքը նվիրել է մեր հայրենիքի պաշտպանությանն ու ազատագրմանը: Նրա կերպարի և գործունեության ցանկացած խեղաթյուրում կամ այլ գաղափարների վերափոխում, անընդունելի է:

Նժդեհի կյանքը, գաղափարները, խոսքն ու գործունեությունը հրապարակային են եղել և դրանք արտացոլված են տարբեր գիտնականների և հետազոտողների աշխատություններում և չեմ կարծում, թե դա կարող է կասկածի տեղիք տալ»,-նշել էր պատգամավորը։

Տեսանյութեր

Լրահոս