Եվս մեկ վերջնագիր Ալիևից. «Ոչ մի քայլ չենք շարժվի ոչ 2021թ, ոչ էլ 2022–ին գրաված դիրքերից»

Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ «ոտքի վրա» քննարկել է անկլավների թեման: Այս մասին Ալիևը հայտարարել է ադրբեջանական ԶԼՄ–ներին տված հարցազրույցում:

«Այդ հարցը քննարկվում է նաև ՀՀ վարչապետի հետ իմ շփումների ընթացքում, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգում «ոտքի վրա» զրույցի ժամանակ ես բարձրացրել եմ այդ հարցը։ Այն նաև դելիմիտացիայի հանձնաժողովի օրակարգում է։ Պետք է ասեմ նաև, որ սահմանազատման հանձնաժողովի հերթական հանդիպումը նախատեսված է այս ամիս»,– հայտարարել է Ալիևը։
Նրա խոսքով՝ հանձնաժողովի հերթական հանդիպմանը մի թեմա է լինելու՝ այդ տարածաշրջանի (Տավուշի սահմանին–խմբ.) սահմանազատման հարցը։
Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է նաև, որ Բաքուն մտադիր չէ «հայելային կերպով հետ քաշել» զորքերը սահմանից, ինչը բազմիցս առաջարկել է Երևանը:
«Ինձ խնդրել են մի քանի գործընկերներ, որպեսզի կողմերը զորքերը հայելային հետ քաշեն։ Ես հարցրի՝ ո՞ւր տանել։ Ինձ ասացին այնտեղ, որտեղից եկել ենք։ Ես ասում եմ, որ մենք Բաքվից ենք եկել, Բաքու վերադառնա՞նք, ինչ է…Իմ հարցին այդպես էլ ոչ ոք պատասխան չտվեց։ Այդ պատճառով մենք ոչ մի տեղ չենք գնա, ոչ մի քայլ չենք շարժվի ոչ 2021 թ. մայիսին զբաղեցրած դիրքերից, ոչ էլ 2022 թ. սեպտեմբերին զբաղեցրած դիրքերից»,– ընդգծել է նա։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը 2023–ի դեկտեմբերի 25–ին մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այնտեղ նա «ոտքի վրա» հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին քաղաքացիների հարցերին ուղիղ եթերում ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը նշել էր, որ Տավուշի մարզում անկլավների հարցը կա։ Նա ընդգծել էր` երբ ասվում է Հայաստանի 29.800 ք/կմ տարածք, դրա մեջ չեն մտնում այն էքսկլավներ/անկլավները, որոնք Խորհրդային Միության ժամանակ պատկանել են Ադրբեջանին։ ՀՀ 29.800 ք/կմ–ի մեջ մտնում է Արծվաշենը, որը էքսկլավ է` շրջափակված խորհրդային Ադրբեջանի տարածքով։

Տեսանյութեր

Լրահոս