«Թուրքիան թևակոխել է վտանգավոր ժամանակահատված». թուրք լրագրող
Թուրք լրագրող, հաղորդավար Ֆաթիհ Ալթայլըն անդրադարձել է Ստամբուլի «Ֆաթիհ» մզկիթում տեղի ունեցած դանակահարությանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա առաջ է քաշել մի սցենար, ըստ որի՝ իմամին (հոգևոր առաջնորդ) և մզկիթի համայնքի անդամներից մեկին դանակահարած անձը կարող էր լինել սիրիացի, իսկ դանակահարված անձինք մահացած, ապա հռետորական հարց ուղղել.
«Գործընթացն ինչպիսի՞ն կլինի այս պարագայում»:
Թուրք լրագրողը հույս է հայտնել, որ իրավիճակի սրացումներ չեն սկսվել և չեն սկսվի:
Ըստ ամենայնի, նա նկատի է ունեցել Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող ռազմագործողությունները, որոնք վերջերս Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո ավելի էին սաստկացել:
«Հույս ունեմ, որ չի սկսվել, եթե սկսվել է նույնիսկ չեմ զարմանա»,-ասել է նա:
Ալթայլըն հավելել է, որ այն ինչ տեղի է ունենում անկայունացնող և անկայունացվող երկրներում, այժմ սկսել է տեղի ունենալ Թուրքիայում:
Իսկ մզկիթի դանակահարությունը որակել ցուցիչ այն բանի, որ Թուրքիան թևակոխել է վտանգավոր ժամակահատված:
Թուրք լրագրողը նաև մանրամասներ է ներկայացրել տեղի ունեցածի վերաբերյալ:
Ըստ այդմ՝ նամազից (ամենօրյա աղթոք իսլամում) հետո մզկիթում հնչել է «Մի՛ քնեք մուսուլմաններ, համախմբվե՛ք Իսրայելի դեմ» խոսքերը, ինչին էլ հաջորդել է հարձակումը, որն էլ ավարտվել է դանակահարությամբ:
Իսկ հարձակում իրականացնող անձը, ով այնուհետև ձերբակալվել է ոստիկանների կողմից, դանակահարությունն իրականացրել է «Ալլահ ու Աքբար» և «Անիծյալ Իսրայել» կոչերի ուղեկցությամբ:
Հիշեցնենք, որ մզկիթում դանակահարությունը տեղի էր ունեցել դեկտեմբերի 8-ին:
Դանակահարության էին ենթարկվել մզկիթի իմամ Գալիփ Ուստան և մզկիթի համայնքի անդամ Բիլալ Էրդեմը: