Բաժիններ՝

Ինֆեկցիոն վարակից մահացության դեպք թիվ 54 մանկապարտեզում. պարտեզի 2 սան տեղափոխվել է բուժհաստատություն.Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով՝ տոնական օրերին արտառոց դեպք է գրանցվել Երեւանի թիվ 54 մանկապարտեզում:Դեկտեմբերի 28-ին պարտեզի տոնական միջոցառումներից ու հանդեսներից հետո կտրուկ վատացել է պարտեզի դաշնակահարուհու առողջական վիճակը եւ վերջինս հունվարի երեքին մահացել է:

Պարզվել է՝ նա ունեցել է մենինգոկոկային վարակ (խմբ. ներառում է բոլոր ինֆեկցիաները, որոնք առաջացնում է Neisseria meningitidis-ը, այն առավել հայտնի է որպես մենինգիտի հարուցիչ) ու այդ օրերին աշխատանքի է գնացել: Հունվարի երեքին դաշնակահարուհու մահից հետո մանկապարտեզի սաներին ու աշխատակազմին հրատապ պատվաստել են:

Այս տեղեկությունները մեզ հետ զրույցում հաստատեց թիվ 12 պոլիկլինիկայի տնօրեն Արա Ներսիսյանը:

«Մեզ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը իրազեկել է դեկտեմբերի 31-ի երեկոյան, մեր համագործակցության արդյունքում իմացել են մեր ունեցած պատվաստանյութերի քանակը, ասել ենք՝ ունենք բավարար քանակի: Դեկտեմբերի 31-ին ճշտումները անելուց հետո հունվարի 1-ից հերթապահությամբ սկսել ենք աշխատել, մանկապարտեզի աշխատակազմից 12 մեծահասակ ենք պատվաստել եւ պարտեզի երեք սան ու ըստ հերթականությամբ սկսել ենք ավելի ինտենսիվ ու մեծաքանակ պատվաստումներ իրականացնել հաջորդ օրերին: Թվով 104 հոգի մեզ դիմել է, ԲԱԿ անալիզ ենք վերցրել, այս պահի դրությամբ՝ոչ մեկի մոտ չի հաստատվել վարակը, բացասական է եկել պատասխանը »,- Aravot.am-ին ասաց Արա Ներսիսյանը:

Մեր զրուցակցի խոսքով, մահացած դաշնակահարուհու հետ անմիջական կոնտակտավորները բոլորը հետազոտվել են ու պատվաստվել:

Մանկապարտեզի երկու սան այս պահին հոսպիտալացվել են բարձր ջերմությամբ ու այլ գանգատներով: Պարոն Ներսիսյանը նշեց, որ հոսպիտալացված երեխաները հետազոտվել են, վարակի բացասական պատասխան ունեն:

Մեր տեղեկություններով՝ մահացած դաշնակահարուհին դեկտեմբերի 31-ին սուր փորացավերով դիմել է բուժհաստատություն, մահացել է հունվարի 3-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս