Մոլդովայի ընդդիմությունը հայտարարել է աղքատության շեմից ցածր մարդկանց թվի ավելացման մասին
Ընդդիմադիր «Վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչները Մոլդովայում նպատակահարմար չեն գտնում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի վրա գումար ծախսել, եթե իշխանությունները չեն պատրաստվում փոխել կուրսը, որի պայմաններում աղքատության մակարդակը երկրում աճում է։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է առաջադրել իր թեկնածությունը երկրորդ նախագահական ժամկետի համար։ Բացի այդ, նա նախաձեռնել է խորհրդարանին հանրաքվե կազմակերպել, որպեսզի քաղաքացիները կարողանան արտահայտել իրենց կարծիքը Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ։ Անցյալ տարեվերջին խորհրդարանի անդամները կողմ քվեարկեցին Ընտրական օրենսգրքում փոփոխություններին, որոնք ենթադրում են, որ Մոլդովայում հանրապետական հանրաքվե կարող է անցկացվել խորհրդարանական և նախագահական ընտրությունների օրը։
«Ինչու՞ միլիոնավոր լեյեր ծախսել հանրաքվեի վրա, եթե մեզ համար ամեն ինչ արդեն որոշված է։ Մի իրավիճակում, երբ Մոլդովայում աղքատության շեմից ցածր մարդկանց թիվն օրեցօր ավելանում է, իշխանությունները շարունակում են միլիոնավոր ծախսեր կատարել՝ տրվելով ԵՄ-ում լավ ապագայի մասին խոստումներին»,- ասված է ընդդիմադիր քաղաքական ուժի հայտարարության մեջ։
Ընդդիմությունը նշում է, որ ԱԳՆ-ն ստեղծել է 13 նոր հաստիք այն մարդկանց համար, ովքեր կնպաստեն եվրաինտեգրման գործընթացին։ Ընդդիմության կարծիքով՝ այդ դիվանագետների գործունեության նպատակով ծախսերի ավելացումը կհանգեցնի բյուջեի վատնմանը։
«Վերածնունդ» կուսակցությունն ընդգծել է, որ Եվրահանձնաժողովը քիչ է մտահոգված Մոլդովայի տնտեսական և սոցիալական իրավիճակով, ուստի ԵՄ ներկայացուցիչները հավանություն են տալիս Մոլդովայի քաղաքացիների կյանքի վատթարացմանը: